Լեռնային Ղարաբաղի պատերազմը տարածաշրջանում նոր խնդիրներ է դրել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առջև։ Կազմակերպությունը ներգրավված է բազմաբնույթ աշխատանքներում՝ զոհվածների աճյունների որոնողական աշխատանքներից մինչև կողմերում գերեվարված անձանց այցելություն, նրանց ու ընտանիքների միջև կապի ապահովում և այլն: «Արմենպրես»-ն այս աշխատանքների մասին զրուցել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ:
-Հարգելի պարոն Ռիբո, 2020թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմը լուրջ խնդիրներ առաջադրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Ներկայացրեք, խնդրեմ, ձեր աշխատանքի գերակա ուղղությունները վերջին ամիսներին: Ի՞նչ աշխատանքներում է առաքելությունը հիմնականում ներգրավված:
-Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարածաշրջանում է 1992-ից սկսած, պատվիրակություններ ունենք Երևանում և Բաքվում, ինչպես նաև առաքելություն Լեռնային Ղարաբաղում: Եվ մինչև այսօր շարունակում ենք առանց դադարի գործել տարածաշրջանում: Անշուշտ, Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը հանգեցրեց մեր արձագանքի, աշխատանքի ավելացմանը: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում արտակարգ արձագանք տվեցինք՝ աջակցելով հիվանդանոցային հնարավորությունների հարցում, օգնելով բնակչությանը սննդով և այլ անհրաժեշտ պարագաներով տեղական կառույցների միջոցով: Հայաստանում կենտրոնացանք հակամարտության սրացման հետևանքով տեղահանված շատ մարդկանց աջակցության հարցի ուղղությամբ, նաև աջակցում ենք առողջապահական հաստատությունների, կրթության հասանելիության հարցում: Հիմա արտակարգ իրավիճակն ավարտվել է, և Հայաստանում մենք հատկապես ուշադրություն ենք դարձնում սահմանամերձ համայնքներին՝ օգնելով այնտեղ ապրող քաղաքացիական բնակչությանը, որ բախվել է նոր իրավիճակի: Տարիներ շարունակ մենք աշխատում ենք Տավուշի մարզում, ներկայում ցանկանում ենք ծրագրեր զարգացնել նաև Սյունիքում, հնարավորության դեպքում՝ նաև Գեղարքունիքում և Վայոց Ձորում:
Մեր աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը օժանդակությունն է հյուրընկալող ընտանիքներին և տեղահանվածներին: Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համագործակցությամբ մենք օգնում ենք այդ հյուրընկալող ընտանիքներին հաղթահարել դժվարությունները՝ հյուրընկալելու ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին: Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ միասին փնտրում ենք նաև ճանապարհներ՝ աջակցելու տեղահանված անձանց երկրի տարբեր բնակավայրերում: Մեր գործունեության հիմնական ուղղություններից մեկն էլ կապված է անհայտ կորած համարվող անձանց խնդրի հետ: ԿԽՄԿ-ն ամենօրյա ռեժիմով մասնակցել է զոհվածների որոնողական աշխատանքներին, որ սկսվել է դեռևս 2020թ․ նոյեմբերին: Մենք ներկա ենք ոչ միայն որոնողական աշխատանքներին, այլ նաև տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերում աճյունների նույնականացման գործին, որպեսզի նրանք վերադարձվեն ընտանիքներին: Մենք շատ կարևոր ենք համարում, որ ընտանիքները հնարավորություն ունենան ստանալ հարցի պատասխանը, թե որտեղ է իրենց հարազատը: Այս գործընթացը դեռ ավարտված չէ: Կարևոր ենք համարում աջակցել անհայտ կորած անձանց ընտանիքներին, անհրաժեշտության դեպքում հոգեբանական աջակցությամբ, հնարավորության դեպքում՝ նաև տնտեսական աջակցությամբ: Մենք հասկանում ենք, որ աճյունների նույնականացման հարցը կարևոր է նաև իրավական պարտավորությունների տեսանկյունից: Օրենսդրությամբ են կարգավորվում անհայտ կորած ճանաչվելու և այլ հարցերը: Եվ մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ` բարելավելու իրավական դաշտը, որը կնպաստի, որ այդ ընտանիքներն օգտվեն մատուցվող բոլոր ծառայություններից ու աջակցությունից:
– Պատերազմից հետո Արցախում առկա են մի շարք հումանիտար խնդիրներ, սա արձանագրել են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները: Հումանիտար ի՞նչ խնդիրներ են արձանագրել ԿԽՄԿ աշխատակիցները, և Կարմիր Խաչի կողմից ի՞նչ աշխատանքներ են իրականացվում այդ խնդիրների լուծման և տեղի բնակչության կյանքի պայմանների ապահովման ուղղությամբ:
-Նախ մենք պետք է հասկանանք, որ հակամարտության արդյունքում բոլոր կողմերն էլ տուժում են՝ հատկապես քաղաքացիական բնակչությունը: Կան մարդիկ, որոնք չեն կարող վերադառնալ հակամարտության գոտի: Սկզբնապես՝ Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման օրերին մենք կենտրոնացել էինք արտակարգ արձագանքի վրա: Եվ հիմա ավելի շատ կենտրոնանում ենք կայուն արձագանքի վրա՝ կենսապահովման, պարենային անվտանգության և այլ հարցերով: Մենք փնտրում ենք ձևեր՝ այնպես անելու, որ մարդիկ կարողանան վերսկսել կյանքը, որտեղ էլ լինեն:
-Պատերազմի ավարտից հետո տեսակցություններ եղե՞լ են գերիների հետ: ԿԽՄԿ աշխատակիցներն ինչ խնդիրներ են արձանագրել Ադրբեջանում հայ գերիներին տեսակցելիս, ի՞նչ պայմաններում են նրանք: Կարո՞ղ եք հրապարակել նրանց ընդհանուր թիվը՝ ըստ ձեր տրամադրության տակ առկա փաստերի:
– Մենք, անշուշտ, շատ ավելին ենք անում, քան կարող ենք հանրայնացնել: Դա շատ զգայուն թեմա է: Որպես սկզբունք՝ ԿԽՄԿ-ն այս թեմաներով խոսում է համապատասխան մարմինների հետ գաղտնապահ երկխոսության շրջանակներում: Կարող եմ ասել ձեզ, որ ԿԽՄԿ-ն տարածաշրջանում տասնամյակներ շարունակ այցելում է պահվող անձանց, և դա չի դադարել անել նաև հակամարտության վերջին սրացումից հետո: Մենք շարունակում ենք այցելել պահվող անձանց Ադրբեջանում՝ օգնելով նրանց և նրանց հարազատների միջև ընտանեկան լուրերի փոխանակմանը: Հիմա, իհարկե, շատ բան է ասվում նրանց թվի, պահման պայմանների մասին, սակայն, կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որ ԿԽՄԿ-ն խոսի թվերի վերաբերյալ, քանի որ սա կոնֆիդենցիալ երկխոսության մասն է, որը մենք վարում ենք համապատասխան իշխանությունների հետ: Մենք այցելում ենք պահվող անձանց, գնահատում ենք պայմանները, նրանց հանդեպ վերաբերմունքը, համոզվում, որ նրանք կարող են շփվել իրենց ընտանիքների հետ: Մենք կապի հնարավորություն ենք ընձեռում՝ Կարմիր խաչի ուղերձի, զանգի կամ բանավոր հաղորդագրության միջոցով: Առհասարակ, ոչ միայն Հայաստանում, ընտանիքների համար, որոնք չգիտեն, թե որտեղ է իրենց հարազատը, ԿԽՄԿ-ի միջոցով լուր ստանալը, որում ասվում է, որ նրանք լավ են, ապրում են, անգնահատելի արժեք ունի:
Ամբողջությամբ՝ armenpress.am