Մինչ տարին մոտենում է ավարտին, հանցագործությունների թիվը օր օրի աճում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Արմենակյան առաջին զանգվածում դանակահարվել է երեք անչափահաս: Իսկ ինչն է եղել միջադեպի պատճառը, և ովքեր էին կիզակետում: «Ժողովուրդ»-ին կատարվածի շուրջ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, տղայական «ռազբորկան» վերածվել է թեժ վիճաբանության, որն էլ արյունալի եզրահանգում է ունեցել: Դեռևս անհայտ հարցի շուրջ վիճաբանել են իրենց թաղամասում վարձով բնակվող 22-ամյա մի երիտասարդի հետ: Նրան շրջապատում Շեկո են ասում, և որոշ տեղեկությունների համաձայն` նա է եղել 16-ամյա տղաներին դանակահարողը: Մալաթիա-Սեբաստիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երիտասարդն այս պահին հետախուզման մեջ է գտնվում, դեպքից անմիջապես հետո փախուստի է դիմել:
Անգամ խոսվում է այն մասին, որ նա հաջողացրել է երկրից դուրս գալ: Ըստ որոշ լուրերի` Շեկոն շրջապատում հայտնի է որպես այդ տարածքում գործող շաուրմայանոցներից մեկի սեփականատիրոջ թոռ, ընտանիքի անդամները հարգված մարդիկ են: «Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ դանակահարությունից տուժածներից մեկը, ով վնասվածք էր ստացել ձեռքի հատվածում, երեկ դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս երկուսը, որոնց անունները կարողացանք պարզել` Գևորգը և Կարենը, դեռևս բժիշկների հսկողության տակ են: Ի դեպ, Մալաթիա-Սեբաստիայում խոսվում է, որ իրականում տուժածները չորսն են: Սակայն դեռևս այս տեղեկությունը ճշտել չհաջողվեց: Թե ինչն է եղել միջադեպի պատճառը, դեռևս հայտնի չէ: Շրջանառվող վարկածներ ևս չկան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունները փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեից: Ի պատասխան մեր հարցի` ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին, որ դեկտեմբերի 19-ին երեք հոգու մարմնական վնասվածք հասցնելու մասին ահազանգ է ստացվել: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը պատժվում է ազատազրկմամբ 5-10 տարի ժամկետով: Ընթանում է նախաքննություն: