Արավուս գյուղում ադրբեջանցիները քարեր են նետել հովիվների ուղղությամբ, հայհոյանքներ հնչեցրել. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Արավուս գյուղում ադրբեջանցիները քարեր են նետել հովիվների ուղղությամբ, հայհոյանքներ հնչեցրել. pastinfo.am

Սյունիքի մարզի Արավուս գյուղում բնակիչները կրկին բախվում են ադրբեջանական հայատյացության դրսեւորումներին։ Թշնամին գյուղի հովվին քաշքշելուց հետո էլ շարունակում է սադրանքները, հոգեբանական ճնշումները՝ բնակիչների նկատմամբ՝ քարեր են նետելով անասուններին արածեցնող մյուս հովիվների ուղղությամբ, հնչեցնում հայհոյանքներ։ Արավուսի բնակիչներն այլ ելք չունեն՝ գյուղում մնացած միակ արոտավայրն է, շարունակում են այնտեղ արածացնել։

«Ադրբեջանցիները հովիվների վրա քարեր են նետում, հայհոյում են։ Անասունները արածացնելու տեղ չկա՝ մի քիչ տեղա, որ կարող են արածացնել»,- «Փաստինֆո»-ին հայտնեց Արավուսի համայնքապետ Արգամ Հովսեփյանը։

Գյուղի անվտանգային հարցերը դեռեւս մնացել են չլուծված։ Ա.Հովսեփյանի փոխանցմամբ՝ սահմանները պաշտպանում են ժամկետային զինծառայողները, սակայն իրենք դիմել էին աշխարհազոր կազմելու և զենք ստանալու համար, որպեսզի կարողանան զինվորների հետ սահմանը պահել, սակայն հարցին այդպես էլ լուծում չի տրվել։ Հովսեփյանն ասում է, որ ուզում են դիրքերը մի փոքր առաջ տալ, որպեսզի գյուղացիներն անասնապահությամբ ավելի անվտանգ զբաղվեն։

«Հիմա մենք ուզում ենք պոստը մի քիչ մոտիկացնենք, որպեսզի հովիվները կարողանան իրենց անասունները արածացնել։ Լավ կլիներ, որ աշխարհազորը կանգներ ։ Իմ ասածն այն է, որ Արավուսի տղաներին գրանցեին, մեր սահմանը ավելի անվտանգ դարձնեինք։ Դեռ ոչ մի բան չկա, չեմ իմանում հարցը ինչ եղավ»։

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ ադրբեջանցիները բռնություն էին գործադրել գյուղի հովիվներից մեկի նկատմամբ, քաշքշել, հարվածել աչքին եւ նրան բաց թողել միայն այն բանից հետո, երբ նկատել էին իրենց ուղղությամբ շտապող հայ զինվորականներին։ Այս դեպքը դեռեւս ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրավական գնահատականի չի արժանացել։

Արավուս գյուղն ունի ավելի քան 170 բնակիչ, որոնք զրկվել են անվտանգությունից, գյուղի սեփական արոտավայրերից։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել համայնքի 63 հեկտար հողատարածքը։ Արավուսի դիրքերը ադրբեջանական դիտակետից հետու են 100- 500 մետրով։ Իսկ անասնապահները, ովքեր կենդանիներին արածացնելու են տանում, կանգնում են թշնամուց մեկ մետր հեռավորության վրա։ Հիմա գյուղում 25-30 հա քարքարոտ արոտ է մնացել։ Գյուղացիներն արդեն մի քանի տասնյակ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ են վաճառել՝ արոտավայրերի բացակայության պատճառով։

pastinfo.am