Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
«Մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը: Նշել ենք առկա առաջընթացը և իրավիճակի կայունացումը: Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու, ինչպես նաև ականազերծման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ: Տարածաշրջանում կայունացման գործում կարևոր դեր է խաղում եռակողմ աշխատանքային խումբը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ»,-ասել է Լավրովը:
Բացի այդ, ՌԴ գլխավոր դիվանագետը բարձր է գնահատել Մոսկվա-Երևան համագործակցությունն ինտեգրացիոն կառույցներում: Բարձր է գնահատվել ռազմական և ռազմաարդյունաբերական ոլորտներում, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի շրջանակում համագործակցությունը:
«Մենք քննարկել ենք մի քանի միջազգային և տարածաշրջանային սյուժեներ: Պայմանավորվել ենք հետագայում նույնպես կոորդինացնել մեր գործողությունները միջազգային կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Սևծովյան տնտեսական համագործակցությունը»,-ասել է Լավրովը:
Դիվանագետը նաև նշել է, որ, չնայած ապրանքաշրջանառության մի փոքր նվազմանը, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Քննարկվել է համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Ռուսաստանը պատվաստանյութի մի քանի տասնյակ հազարավոր չափաբաժին է ուղարկել Հայաստան, քննարկվում է ևս 1 միլիոն չափաբաժնի տրամադրումը, ինչպես նաև Հայաստանում պատվաստանյութի արտադրությունը»,-ասել է Լավրովը:
Նա նաև հավելել է, որ այսօր միջկառավարական հուշագիր էստորագրվել կենսաբանական անվտանգության ոլորոտում: