Տան կառուցումը՝ որպես երեխայի բեղմնավորում. հայ մարդը և իր տունը
Advertisement 1000 x 90

Տան կառուցումը՝ որպես երեխայի բեղմնավորում. հայ մարդը և իր տունը

Մտե՜լ են տոնական դռներից – և դրախտ են կարծել այս տունը.
Սահմանված ձեռքով մի վերին՝ անխա՛խտ են կարծել այս տունը։-
Ետևի դռներից մենք մտանք՝ քանդելով սյուներն ու հիմերը-
Եվ գիտենք՝ ձեռքերով ձեր շինած մի զնդա՛ն է անձև այս տունը։

Եղիշե Չարենց

Տունը մարդկանց առօրյա կյանքի անցկացման գլխավոր վայրն է: Օսվալդ Շպենգլերն իր «Եվրոպայի մայրամուտը» փիլիսոփայական աշխատության մեջ գրում է. «Տան նախնական ձևը ամբողջությամբ աճում է օրգանական զգացումից… Այն ունի նույնպիսի ներքին անհրաժեշտություն, ինչպես փափկամորթի պատյանը, ինչպես մեղվի փեթակը, ինչպես թռչնի բույնը… Տունը և հավասարապես պարագաների, զենքի, հագուստի և սպասքի գործածական ձևերը պատկանում են կենցաղի տոտեմական կողմին: Դրանք բնութագրում են ոչ թե ճաշակ, այլ պայքարի, կյանքի և աշխատանքի հմտություններ» (1):

Տան մշակութային ընկալումներն ավելի ուշ են առաջացել: Ինչպես գրում է Ի.Ե. Դանիլովան, մարդիկ անտիկ ժամանակներում ապրել են բնության մեջ՝ ինչպես իրենց տանը: «Չեն եղել պատեր՝ առանձնացնող ներքին տարածությունը (ինտերիեր) և արտաքին տարածությունը (բնապատկեր)» (2): Ժամանակի ընթացքում հռոմեական ուղղանկյուն ծածկված կառույցից՝ կենտրոնում՝ օջախ, տունը վերածվում է մարդու ինքնասահմանման կարևոր գործոնի, կարծում է Վուսթերի քոլեջի շրջակա միջավայրի հոգեբան Սյուզան Քլեյթոնը (3): Ինքնասահմանման գործընթացում կարևոր դերակատարման շնորհիվ է նաև մղումը տունը հարդարելու, մաքրելու և որ առավելապես հետաքրքրական է՝ պաշտպանելու: Տարբեր մշակույթներում այլ է վերաբերմունքը տան նկատմամբ, հայկական մշակույթն ունի իր առանձնահատկությունները այս հարցում: Հասկանալու համար տան կարևորությունը հայ մարդու կյանքում՝ կրկին դիմել ենք հին ու բարի կինեմատոգրաֆի օգնությանը՝ շարժապատկերների միջոցով տեսնելու այն նրբությունները, որոնք ցուցադրում է հայն իր տան նկատմամբ:

Վերևում պաշտպանության մասին ավելորդ չէր հիշատակումը: Տան նկատմամբ հայ մարդու հոգատարությունը նշան է այն բանի, որ սերը առ այն անձնավորված է: Հետաքրքիր էր գալ այն եզրահանգմանը, որ տան կառուցումը հայ մարդու մոտ ասոցիացվում է երեխայի բեղմնավորման հետ: Նման եզրահանգման գալուն հատկապես նպաստել է 1980 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Յոթ սարից այն կողմ» կինոնկարից մի դրվագ:

Տեսարաններից մեկում, երբ արդեն տեսանելի հղի տանտիրուհին բողոքում է ամուսնու՝ շինարարի, աշխատանքի բերումով՝ մշտական բացակայություններից և իրեն անամուսին կին զգալուց, վերջինս՝ ակնարկելով իր կնոջ հղիությունը, ասում է՝ այդ գործում գլխավորն այն է, որ մարդ «հիմք դնելուց» տեղում լինի: Երեխայի բեղմնավորումը տան շինարարության հետ համեմատությունը պատրաստի տունն անմիջապես նույնացնում է երեխայի հետ, իսկ առաջինը, որ առաջանում է ծնողի մոտ երեխայի ծնունդով՝ պաշտպանական բնազդն է. պաշտպանել երեխային, պաշտպանել տունը:

Տան պաշտպանության ձևերը մշտապես փոփոխության են ենթարկվում՝ կախված ժամանակներից և տիրող իրավիճակից. միջնադարում մարդիկ պայտ էին կախում դռնից՝ համոզված լինելով, որ այն հեռու կպահի ձիերից վախեցող վհուկներին, իսկ ընդամենը շաբաթներ առաջ մենք ականատես եղանք սարսափելի տեսարանների, թե ինչպես էր հայրենիք Արցախում հայ մարդն այրում իր սեփական ձեռքերով կառուցած տունը՝ թշնամուց պաշտպանելու համար:

Հետաքրքիր է մտորել նաև կանանց և տղամարդկանց՝ տան հետ կապի տարբերությունների մասին: Ինքնասահմանման մեխանիզմները տարբեր են կանանց և տղամարդկանց համար: Տղամարդկանց վարքագիծը կախված է ուրիշների հետ ունեցած փոխհարաբերություններից: Այն սահմանվում է համապատասխան իրավիճակներում և տվյալ մարդու վարքի մասին՝ այլ մարդկանց սպասելիքներից (4): Ավանդական պատկերացումները տան հետ առավելապես կապում են կնոջը: Ֆրանսիացի գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս Սիմոնա դը Բովուարը վստահ է, որ տղամարդիկ կանանց վերագրել են տան պատկանելությունը, քանի որ աշխատանքում նրանց մեջ մրցակիցների են տեսել: Տվյալ կոնտեքստում առաջ է գալիս նաև սպառողականության խնդիրը. տղամարդիկ ստեղծել են ապրանքներ տան համար և տանը պատկանող կանանց «ստիպել» սպառել դրանք:

Բայց հայ կինը նման չէ ֆրանսուհուն կամ ամերիկուհուն: Հայ կինը չի պատկանում տանը, այդ տունն է պատկանում հայ կնոջը: Այս միտքը դիտարկելու համար առաջարկում եմ հիշել տները, որոնք ցուցադրվում են «Մենք ենք, մեր սարերը» (1969) ֆիլմում: Լեյտենանտի (Սոս Սարգսյան)՝ տարբեր տներ այցելությունները ուշագրավ են այդ տանն ապրող մարդկանց մասին հաղորդագրություններով. հենց իր՝ լեյտենանտի տունը քաղաքային է, ցույց է տալիս լեյտենանտի պաշտոնը զբաղեցնող մարդու դիրքը, նրա ընտանիքի կենսակերպը, Ռևազի (Արտավազդ Փելեշյան) տունը միջին վիճակագրական գյուղացու տուն է՝ ոչ բոլոր հարմարություններով, ինչի պատասխանատուն ավանդաբար տղամարդն է, այստեղ՝ Ռևազը, բայց տունը նաև մաքուր է և կոկիկ, ինչն անմիջապես վերագրվում է տանտիրուհուն:

Տունը, որն առավել կարևոր է դիտարկման համար, Ավագի (Ազատ Շերենց) տունն է. չհարդարված՝ ի տարբերություն մյուս տների, հայելին՝ փոշոտ, ժամացույցը չի աշխատում, Ավագը տանը քիչ ժամանակ է անցկացնում, Ավագը միայնակ է ոչ որպես հովիվ, բայց որպես տղամարդ: Այս դրվագներից եզրահանգման կարելի է գալ, որ կինը տան քուրան է, և եթե, ինչպես ավելի վաղ անդրադարձ կատարեցինք, տղամարդը դնում է տան հիմքը, ապա կինն այն պահպանում է:

Կինը պահպանում է տան հիմքերը, իսկ երեխան ամրացնում է խարխլվածները: Կինն ու տղամարդը տան կառուցման և դրա պաշտպանության համար մղվող պայքարի խորհրդանիշն են, իսկ երեխան, ում հետ խիստ ասոցիացվում է տունը, կյանքի խորհրդանիշն է, հետևապես և է՛ տունը: Հրաչյա Քոչարի համանուն վիպակի հիման վրա 1977 թվականին նկարահանված հայկական «Նահապետ» ֆիլմում արդեն մեկ անգամ կորսված կյանքը վերագտնվում է տանը երեխայի ծնունդով: Կյանքը մարում է տանը, այնտեղ էլ նոր սկիզբ առնում: Տունը հարմարավետության գոտի է մարդու համար, որը պաշտպանելու համար պետք է դրանից դուրս գալ, ինչը և անում է Նահապետը (Սոս Սարգսյան):

Տունը այս պահին հարկ է դիտարկել ավելի համընդհանուր երևույթ՝ ընտանիք, հայրենիք, որից առավել հարմարավետ գոտի հնարավոր չէ գտնել մարդու համար, բայց և որից, տվյալ դեպքում, հարկադրաբար «դուրս գալուց» հետո նախկինում մեծատուն Նահապետը իր մեջ կորով է գտնում, ինչպես ինքն է ասում՝ «հայ ազգ դիմացկուն ի, քարի պես պինդ ի, ծովի պես անսպառ ի»: Նահապետը կարգի է բերում նոր տունը, կարգի է բերում նաև նոր կյանքը, նորածին զավակին տալիս է հնարավորություն ստեղծելու «տուն» իր ծնողների համար, լինելու հույս՝ իր ծնողների անցյալի համար, և լինելու կյանքի շարունակություն՝ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի լինելիության համար:

Հետևա՛նք ես դու, իմաստո՛ւն,- այս մեկը դու լա՛վ իմացիր
Բայց դո՛ւ էլ ես, դո՛ւ էլ ես ազդում,- այս մեկը դու լա՛վ իմացիր
Դու ուզում ես, որ ազա՞տ լինես.- ուրեմն հասկացի՛ր ճանապարհ
Եվ փոխի՛ր, որ հաստատ գաս տուն,- այս մեկը դու լա՛վ իմացիր։

Եղիշե Չարենց

Հղումներ՝

  1. Шпенглер О. Закат Европы. Т. 2. Пер. с нем. //Культурология. ХХ век. Антология. М.: Юрист, 1995. С. 432–453. С. 432–433.
    2. Данилова И.Е. Мир внутри и вне стен: Интерьер и пейзаж в европ. живописи XV-XX вв. М. 1999. С. 6
    3. Beck J., ‘The Psychology of Home: Why Where You Live Means So Much’, 2011, theatlantic.com.
    4. Thagard P. Ph.D., ‘What Is the Self?’, 2014, psychologytoday.com.

Անի Գաբուզյան