Կփոփոխվի՞ արդյոք «թավշյա» տնտեսական հեղափոխության գործիքակազմը․ Հայկ Ֆարմանյան
Advertisement 1000 x 90

Կփոփոխվի՞ արդյոք «թավշյա» տնտեսական հեղափոխության գործիքակազմը․ Հայկ Ֆարմանյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ դեռևս 2018թ. մայիսին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ընտրվում էր երկրի վարչապետ, հարցին` թե ինչ քայլեր է անելու երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ, նա մոտավորապես պատասխանեց այսպես. «այո՛, լինելու է տնտեսական հեղափոխություն նույն գործիքակազմով, ինչով որ տեղի ունեցավ քաղաքական հեղափոխությունը և ավելին` դրա համար կա նաև «ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿ»։

Դրանից հետո շատ շատերը, հասկացան, որ այդ գործիքակազմի առաջին և հիմնական «հեղափոխական» գործիքը լինելու էր, այսպես կոչված, «նախկին թալանչիների»տների, ունեցվածքի «հեղափոխական»շրջափակումը, թալանվածի ազգայնացումը և դրա «վերադարձը ժողովրդին»։ Իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ ժողովուրդը ցուցակներով հերթի է կանգնելու` յուրաքանչյուրը իր մասնաբաժինը ստանալու նպատակով։ Սակայն, որ թալանվածը վերադարձնելուց հետո այն պետք է ուղղվեր երկրի տնտեսական ու սոցիալական զարգացմանը, դեռևս կարելի էր միամտաբար հավատալ։ Ժամանակը ցույց տվեց, որ դա տեղի չունեցավ։ Իհարկե, եղան ինչ ինչ ձերբակալություններ, ցուցադրաբար «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու»դեպքեր, սակայն այսպես կոչված, որևէ «նախկին թալանչու»նկատմամբ մինչ այժմ ավարտին հասցված, դատարանի վճռով հաստատված, որևէ գործ այս երեք տարիների ընթացքում այդպես էլ գոյություն չունեցավ։ Կրկին միամտություն կլինի կարծել, թե որևէ մեկը գումարներ չի մուծվել։ Հարցը միայն նրանում է, թե ո՞վ, ո՞րտեղ և ում է մուծվել այդ գումարները։ Իսկ այն դեպքերը, երբ այդ «մուծումը»բացահայտ և հրապարակային է եղել, արդյունքները, մեղմ ասած, լացելու աստիճան վատ են։ Կարելի է հիշատակել ընդամենը մեկ դեպք` Ծաղկաձորի «Գոլդեն Փելս»հյուրանոցի ճակատագիրը։ Իսկ այլ դեպքերում իշխանությունները ունեն իրենց արդարացումը, թե վերականգնված գումարների հաշվին ԱԺ պատգամավորները և կառավարության անդամները ստացել են պարգևավճարներ։Այսինքն` «սիրելի ժողովուրդը» մնաց ձեռնունայն։

Իշխանական վարչախումբը ` տեսնելով, որ իր պատկերացրած գործիքակազմը արդյունք չտվեց, ձեռնամուխ եղավ շատ վտանգավոր նոր «գործիքներ»մշակելուն։ Դրա արդյունքում ընդունվեցին խայտառակ օրենքներ` «բանկային գաղտնիքի մասին», «գույքահարկի մասին»օրենքներում փոփոխությունների տեսքով և այսպես կոչված, «ապօրինի գույքի բռնագանձման»հետ կապված օրենքի տեսքով։ Ես առիթ ունեցել եմ դրանք որակելու, որպես «ականներ»երկրի տնտեսության և ներդրումային միջավայրի տակ։ Ընդ որում, այդ օրենքները ընդունվեցին դավադրաբար, առանց հանրության հետ պատշաճ քննարկման և այնպիսի ժամանակահատվածում, երբ համավարակով պայմանավորված` մարդիկ չունեին ընդվզելու, բողոքելու հնարավորություն։ Իհարկե, կարելի է հիշատակել այլ օրենքներ ևս։

Պետք է նշել նաև մեկ այլ, չափազանց կարևոր դրվագ. 2020թ հուլիսին Տավուշի սահմանին տեղի ունեցած հնգօրյա մարտերից հետո Նիկոլ Փաշինյանը խրոխտ հայտարարելով հայկական բանակի աննախադեպ մարտավարական նվաճումների մասին`նշեց նաև, որ տեղի կունենա բանակի վերազինում մի քանի միլիարդ դոլարի չափով` անցած 20-30 տարիների «թալանվածը» հետ բերելու հաշվին։ Մի կողմ թողնելով հարցի բովանդակային էությունը` նշենք միայն, որ այսօր արդեն այդ խոստման մասին ոչ ոք չի էլ հիշում։ Այս հանգամանքը չափազանց կարևոր է այն առումով, որ իշխող «հեղափոխական»վարչախումբը նույնիսկ բանակի վերազինման իմաստով այլ գործիքակազմ չի էլ պատկերացրել, քան այն, ինչի մասին արդեն ասացինք։ Էլ ուր մնաց, թե տնտեսությունը զարգացնելու կամ տնտեսական հեղափոխություն անելու համար նոր, բայց արդեն երեք տարվա հնություն ունեցող իշխանությունը կարող էր պատկերացնել որևէ այլ գործիքակազմ։ Այստեղ տեղին է հիշել 2019թ սկզբին, նորընտիր ԱԺ նիստից մի դրվագ, երբ կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ կին պատգամավորներից մեկը ասաց. «պարոն Փաշինյան, եթե դուք այստեղ բերեիք նույնիսկ սպիտակ թուղթ, միևնույն է ես կողմ կքվեարկեի»։

Փաստորեն պատրանք էր նաև կախարդական փայտիկը։ Այն չկար ի սկզբանե և պայթեց «փուչիկի»նման։ Այսինքն չեղավ ո՛չ տնտեսական հրաշք, ո՛չ էլ տնտեսական հեղափոխություն։ Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ իշխանական վարչախումբը միշտ էլ ունեցել է վառ երևակայություն կամ այդպիսին ունեցող ներկայացուցիչներ, որոնք անընդհատ փորձել են և կփորձեն հանրությանը ցուցադրել նոր և ավելի կրեատիվ գործիքակազմ։ Հիշենք դրանցից մի քանիսը միայն.

  1. «աղքատությունը պետք է հաղթահարել գլուխներում»։ Իհարկե, ովքեր դա հասկացել էին` դարձան պատգամավոր, ստացան այլ պաշտոններ…
  2. «թող գյուղացիները ոչխար պահեն»։ Այս վերջին գործիքը «հանճարեղ է»հատկապես պատերազմից հետո ձևավորված իրողությունների լույսի ներքո։ Ա՛յ խելոքներ, գյուղացին ոչխար պահի, որ ի՞նչ անի։ Պահի, աճեցնի, որ անպաշտպան սահմանից թուրքը գողանա ու տանի՞։ Իսկ այս ամենը դեռ վերջը չէր։ 2020թ վերջում և 2021թ սկզբում իշխանական վարչախմբի որոշ «ուղեղներ» սկսեցին մտածել ավելի «ժամանակակից» տնտեսական հեղափոխական գործիքներ ստեղծելու մասին` դրանք ներկայացնելով որպես աննախադեպ հայտնագործություն.
  3. «պետք է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը».այս հարցը նույնիսկ քննարկվեց կառավարության նիստում, բերվեցին զարգացած երկրների հետ համեմատություններ։Մի խոսքով ժամանակի դատարկ վատնումից ու ցուցադրականությունից բացի ոչ մի քայլ չարվեց։ Այս հարցի հետ կապված այժմ չէի ցանկանա բովանդակային քննարկում ծավալել։
  4. «ափսոս, որ փետրվար ամիսը միայն չորս տարին մեկ է 29 օր ունենում»
  5. «ոչ աշխատանքային օրերը շատ են, ինչի պատճառով էլ ՀՀ համախառն ներքին արդյունքը աննախադեպ չափով չի աճում»։ Դրա համար էլ որոշվեց կրճատել տոնական հանգստյան օրերի քանակը։ Մնում է միայն սպասել նոր անակնկալ և «աննախադեպ»գործիքակազմերի ի հայտ գալուն։ Կարծում եմ հնարավոր է, որ դա տեղի ունենա նախընտրական խոստումների շրջանում։ Նշված բոլոր տապալված և հեռանկար չունեցող գործիքներին կամ գործիքակազմին զուգահեռ, նաև հասկանալով դա, իշխող վարչախումբը «աննախադեպ» ակտիվությամբ օգտվում է մեկ այլ գործիքից. երկրի արտաքին պարտքի ավելացման հաշվին ներգրավվող միջոցներից` եվրաբոնդերի թողարկման և այլ վարկային միջոցներ ստանալու ձևով։ Միայն թե այժմ այդ միջոցները օգտագործվում են գերազանցապես սպառման նպատակներով։ Իսկ «նախկինների» օրոք նույնպես կիրառվող այս գործիքը խստորեն դատապարտվել է ներկայումս իշխանություն ունեցողների կողմից` երբեմն այն որակելով գրեթե որպես «պետական դավաճանություն»։

Հաջորդիվ կանդրադառնամ տնտեսության մեջ ներդրումների մասին իշխանությունների պատկերացումներին, սպասելիքներին և երեք տարվա ընթացքում դրա վերաբերյալ «հեղափոխական»մտքի տրանսֆորմացիային»։



Նման նյութեր