Որն է Ադաթի ու Նամուսի տարբերությունը: Երկուսն էլ չգրված օրենքներ են, սակայն մեկը ծագում է արաբերենից, մյուսը՝ հունարենից:
Մինչ Իսլամ ընդունելն արաբներն ապրում էին ադաթներով՝ չգրված օրենքներով, որը նորմավորում էր կյանքի բոլոր բնագավառները: Իսլամ ընդունելուց հետո նորմավորումը սկսվեց կատարվել գրված օրենքներով՝ Շարիաթով, սակայն այն երկրներում, որտեղ Իսլամը թույլ էր զարգացած, մարդիկ կարևորություն էին տալիս ադաթներին: Այսպիսով, Ադաթն օրենքներ չսիրող հասարակությունների կյանքի նորմերն են:
Նամուսն առաջացել է հունարեն Նոմոս բառից, ինչը բառացի նշանակում է Օրենք: Սակայն մեր դեպքում այն կրկին չգրված օրենքների իմաստն է ձեռք բերել, այսինքն դարձել է Ադաթ:
Հռոմը դարձել է կայսրություն, որովհետև իր հիմնադրման օրվանից, երբ փոքր գյուղաքաղաք էր, որոշեց ապրել օրենքներով, դեռևս մեր թվարկությունից 5 դար առաջ արդեն գոյություն ունեին գրված օրենքներ, որոնք տախտակների վրա գրված գտնվել են պեղումների ժամանակ: Այդ տախտակների շնորհիվ Հռոմը դարձավ համաշխարհային կայսրություն և ժամանակակակից քաղաքակրթության հիմքը:
Սակայն մեր նախնիները Նոմոսը դարձրեցին նամուս ու նախընտրեցին ապրել ադաթներով ու չգրված օրենքներով, որի պատճառով էլ կորցրեցինք պետականությունը:
6-րդ դարում խմբագրված և ժամանակակից իրավունքի հիմքերից մեկը դարձած Հուստինիանոսի կոդեքսում, Novella XXI, գրված է, որ Հայաստանը զուրկ է օրենքներից ու կիրառում է «բարբարոսական սովորույթներ»: Նույն ժամանակ Հակոբ Յեդեսացին գրում էր, որ «Հայաստանի ժողովուրդները աշխարհի սկաբնավորումից ի վեր ապրել են առանց օրենքների», իսկ Կոստանդնապոլսի պատրիարքը Հայոց կաթողիկոսին գրել էր․ «Բազում գոհություն Աստծոն մատուցանեմ քո համբերությանդ ի մեջ այդպիսի բարբարոս ազգի ․․․»:
Հույներն ու հռոմեացիները բարբարոս էին համարում այն ժողովուրդներին, որոնք ապրում են ոչ թե նորմավորված օրենքներով, այլ սովորույթի ուժի վրա հիմնված հարաբերություններով, այսինքն նամուսով ու ադաթով:
Այսօրվա մեր հիմնական խնդիրը մնում է նույնը, որ օրենքներով ենք ցանկանում ապրել, գրված, թե՝ չգրված: Նշեմ, որ չգրված օրենքների դեպքում արդեն կարևոր է ոչ թէ դատարանի որոշումն, այլ հասարակական պարսավանքը:
Իսկ եթե այդ հասարակությունն էլ չկա:
Ստեփան Դանիելյանի էջից:
Որն է Ադաթի ու Նամուսի տարբերությունը: Երկուսն էլ չգրված օրենքներ են, սակայն մեկը ծագում է արաբերենից, մյուսը՝…
Posted by Stepan Danielyan on Tuesday, May 11, 2021