Երևանի Կենտրոնի թաղապետարանում այսօր առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջև: Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակը»։
Ըստ կայքի` առավոտ շուտ թաղապետարանի ղեկավար կազմը Մարգարյանին շատ կոպիտ ձևով հրահանգել է ազատել աշխատասենյակը: Այնուհետև վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել, որից հետո Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:
Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմել է, որ միջադեպի ժամանակ կողքի աշխատասենյակում է գտնվել: Բարձր բղավոցներ ու հայհոյանքներ է լսել, առաջ է եկել, որ հասկանա՝ ինչ է կատարվում, բայց իրեն մոտիկ չեն թողել. «Ասացին՝ դու աղջիկ ես, գնա, գործ չունես ու չթողեցին մոտենամ, բայց սարսափելի իրարանցում էր, լսում էի նաև, որ կահույքն են քաշքշում: Այդ ընթացքում իմ սենյակում էի, հետո արդեն ոստիկանությունը եկավ»:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ միջադեպի գլխավոր հերոսը Արմեն Ազիզյանն է եղել: Աշխատակիցները հայտնել են, որ նա առավոտյան աշխատավայրում է եղել, սակայն հետո դուրս է եկել:
Արմեն Ազիզյանը կատարում է վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի պարտականությունները: Ավետ Պողոսյանն արձակուրդում է:
Կայքը հիշեցնում է, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված` մի շարք անձինք կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, իսկ ոմանք էլ աշխատավայրում լուրջ ճնշումների են ենթարկվում, խոսքը՝ «Քաղաքաշինության և հողօգտագործման» բաժնի պետի, նրա տեղակալի, գլխավոր մասնագետի ու մի քանի այլ աշխատակիցների մասին է: Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը ՀԺ–ին ասել էր, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ամիսներ առաջ ինքը բարձրաձայնել է թաղապետարանում տիրող ապօրինության մասին, որի առնչությամբ հիմա նաև քրեական գործ կա հարուցված: