Համացանցը մեզ հնարավորություն է տվել անսահման խոսել հարազատների և ընկերների հետ՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք գտնվեն։ Ի՞նչ անել, երբ անձը, ում հետ պետք է խոսեք, այդ պահին համացանցին հասանելիություն չունի։ Adme.ru կայքը գրում է, որ անհրաժեշտ չէ գումար ծախսել միջազգային զանգերի վրա։ Այս հինգ ծառայությունները հնարավորություն են տալիս զանգեր կատարել բջջային և ֆիքսված հեռախոսակապին։
Flash2Voip
Հարմար ծառայություն է բոլոր նրանց համար, ովքեր հաճախ են կարճ միջազգային զանգեր կատարում։ Պահանջվում է գրանցում, սակայն որևէ հավելված ներբեռնելու անհրաժեշտություն չկա։ Բոլոր ծառայությունները հասանելի են հենց բրաուզերից, այդ թվում՝ տեսակապը։ Անվճար են խոսակցության միայն առաջին 5 րոպեները։
VoipDiscount
Այս հավելվածը հնարավորություն է տալիս զանգեր կատարել մի շարք երկրների ֆիքսված հեռախոսահամարների։ Սակայն այս հնարավորությունից օգտվելու համար ամեն դեպքում անհրաժեշտ է լիցքավորել հաշիվը. անվճար զանգեր հնարավոր է կատարել միայն դրական հաշվեկշռի դեպքում։
IEvaphone
Հավելվածը հնարավորություն է տալիս զանգահարել բջջային հեռախոսահամարներին։ Կարիք չկա, որ զրուցակիցն այդ պահին ցանցում լինի. անհրաժեշտ է հավաքել նրա հեռախոսահամարը և զանգահարել։ Հավելվածը ներբեռնելուց հետո ստանում եք 10 միավոր, որոնք հնարավորություն են տալիս անվճար զանգ կատարել։ Հետագայում միավորներ գնելը պարտադիր պայման չէ. դրանք կարող եք ստանալ՝ խաղեր ներբեռնելով և տեսանյութեր նայելով։
FreeCall
Հավելվածը նման է Skype-ին, սակայն կա պարտադիր պայման. աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է հաշիվը լիցքավորել 10 եվրոյով։ Յուրաքանչյուր օգտատեր շաբաթվա ընթացքում ստանում է 300 րոպե անվճար զանգեր և աշխարհի ցանկացած վայր տեքստային հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն։
Jaxtr
Ծառայությունը թույլ է տալիս տեքստային հաղորդագրություններ ուղարկել և զանգեր կատարել ամբողջ աշխարհով, այդ թվում՝ անվճար։ Պահանջվում է գրանցում կայքում, ինչից հետո հատկացվում է անհատական հեռախոսահամար։ Անվճար զանգեր ստանալու համար բաժանորդները պետք է գտնվեն WiFi-ի միացման գոտում, իսկ տեքստային հաղորդագրություն ուղարկելու համար անհրաժեշտ է հավելվածը ներբեռնել համակարգչի կամ բջջային հեռախոսի մեջ։ Հավելվածը հնարավորություն է տալիս անսահմանափակ հաղորդագրություններ ուղարկել ցանկացած երկիր։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը