SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 13-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում դանակահարված քաղաքացիներ կան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք։ Ոստիկանները պարզել են, որ դանակահարությունը տեղի է ունեցել մայիսի 12-ին, ժամը 17։00-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասի 16/1 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում, որտեղ վճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 32-ամյա Արթուր Դադամյանի, 31-ամյա Մաքսիմ Օսիպովի և 30-ամյա Վահե Յախանեջյանի միջև, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Վ. Յախանեջյանը իր մոտ եղած ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել Ա. Դադամյանին և Մ. Օսիպովին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ. Յախանեջյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Դադամյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Արմավտոտեխ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: