Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը.
«2021 թվականի մայիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 829 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են հրդեհի դեպքերը: Գրանցված 6 հրդեհների մեծ մասը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում:
Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին 5 կանչ է արձանագրվել: Տուժել է 5 քաղաքացի: Փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն և շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխել բուժհաստատություն: Ցավոք, մեկի կյանքը փրկել չի հաջողվել:
Մահվան ելքով ՃՏՊ դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին՝ Ասկերանի շրջանում:
Ծառայության սակրավորները հանրապետության տարածքում ամենօրյա ռեժիմով շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքները:
Այս մասով 39 կանչ է գրանցվել, իսկ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 320 պայթուցիչ, հակատանկային 6 ական, կասետային 43 հրթիռ, թնդանոթի 388 արկ, 6 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, ձեռքի 9 նռնակ՝ ևս 9 հատ նռնականետի ական:
Սոցիալ-կենցաղային բնույթի 43 կանչ է գրանցվել, որից 7-ը դռան բացման, 3-ը հիվանդի տեղափոխման, 1 վերելակի բացման, 12-ը ջրամատակարարման:
Փրկարարները նաև տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը:
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով և ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներում շարունակվում են ուսումնական պլանով նախատեսված պարապմունքներն ու ուսումնավարժությունները»: