Ադրբեջանին նվազագույնը մեր տարածքում պետք է զրկել դիվանագիտական գործընթացների վրա ազդելու հնարավորությունից, հակառակ դեպքում ժամանակը նրանց օգտին է աշխատում, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Վերջին օրերին ՊՆ-ն իր պաշտոնական հաղորդագրություններում անընդհատ «հիշեցնում» է, որ «հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»։
Եթե Ադրբեջանը կարողանում է ՀՀ տարածքում իր զորքերի ներկայությունն օգտագործել և Հայաստանին իր խաղի կանոնները թելադրել՝ զիջումների կամ մեկ այլ տեսքով, ապա ՊՆ այս հայտարարությունը ընդհանուր իրավիճակում եղանակ չի փոխում։
Ադրբեջանի ագրեսիան ունի կոնկրետ նպատակներ և նրան՝ նվազագույնը մեր տարածքում, պետք է զրկել դիվանագիտական գործընթացների վրա ազդելու հնարավորությունից, հակառակ դեպքում ժամանակն աշխատում է նրանց օգտին ու դա նրանք օգտագործել/օգտագործելու են գործընթացում իրենց դիրքերի ամրապնդման և կոշտացման համար»,- գրել է Աբրահամյանը։