Կառավարությունը քայլեր է ձեռնարկում մեր երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումները խթանելու համար։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ նախարարությունը առաջարկներ է մշակել, որոնք առաջիկայում քննարկման կդրվեն. առաջարկվում է պատվաստումների խրախուսական ծրագրեր ներդնել տնտեսվարողների համար։
«Բոլոր այն տնտեսվարողները՝ ռեստորանները, հյուրատները, որոնք կունենան աշխատակիցների 70 տոկոսի պատվաստում, կստանան տարբերանշան, որը կփակցվի, և տուրիստների համար ակնհայտ կլինի, որ այդ կազմակերպությունը շատ ավելի անվտանգ է, աշխատակիցներն էլ ստիպված չեն լինի ամբողջ օրը դիմակով աշխատել»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ առաջարկում է պետության կողմից բիզնեսին տրամադրվող դրամաշնորհային ծրագրերում պարտադիր պահանջի մի կետ ավելացնել՝ աշխատակիցների առնվազն 70 տոկոսը պետք է պատվաստված լինեն։