Օնլայն առևտրի թաքնված վտանգները. ինչի՞ն ուշադրություն դարձնել գնումներ կատարելիս․ «Փաստ»
Advertisement 1000 x 90

Օնլայն առևտրի թաքնված վտանգները. ինչի՞ն ուշադրություն դարձնել գնումներ կատարելիս․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Էլեկտրոնային կամ, ինչպես ընդունված է ասել, օնլայն առևտուրը մեր առօրյայի անբաժան մասն է: Համացանցի զարգացմանը զուգընթաց էլեկտրոնային առևտրի տարածումն ամբողջ աշխարհում պետք է համապատասխան իրավական կարգավորումների ենթարկել: Մեր երկրում էլեկտրոնային առևտուրը զարգացման փուլում է: Հիմա արդեն սպառողները զգուշությամբ են վերաբերվում էլեկտրոնային եղանակով դրամական փոխանցումներ իրականացնելուն կամ իրենց վճարային քարտի տվյալներն էլեկտրոնային առևտրային հարթակներում օգտագործելուն:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ զրուցել ենք էլեկտրոնային առևտրի վտանգների մասին, մեր զրուցակիցը նշել է, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեն սպառողները: Չիլինգարյանն ընդգծում է՝ էլեկտրոնային առևտրային հարթակից օգտվող յուրաքանչյուր սպառող պարտավոր է ստուգել ներկայացվող ընկերության գրանցման օրինականությունը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, քանի որ դա այնպիսի տեղեկություն է, որը հնարավորություն է տալիս անհատականացնելու ապրանքի վաճառքն իրականացրած ընկերությանը կամ անձին, ինչպես նաև՝ մինչև գնում կատարելը հավաստիանալ՝ կայքն անվտանգ է և ապահով, թե՞ ոչ, որտեղի՞ց են ներկրվում ներկայացվող ապրանքները, որքանո՞վ են համապատասխանում որակին և ներկայացվող ապրանքային չափսերին:

«Կենցաղային տեխնիկա, կոշիկներ, հագուստ, սպորտային պարագաներ և բազում այլ ապրանքներ պատվիրելիս օգտագործեք գները համեմատելու կայքեր, գնելուց առաջ համեմատեք գները և գտեք Ձեզ ամենահարմար և շահեկան առաջարկը: Ֆիզիկական անձինք էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ապրանքների վաճառք կարող են իրականացնել միայն Կառավարության սահմանած կարգով հաշվառված լինելու (հարկ վճարողի հաշվի համար ունենալու) և էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի առկայության դեպքում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Նշում է՝ գնած ապրանքը կարելի է ստանալ թե՛ փոստային, թե՛ մաքսային ծառայություններից: «Առաքիչներից պահանջեք ՀԴՄ կտրոն, որի վրա պետք է տպված լինեն ապրանքի գինը, ծառայության անվանումը, կոդը, գնված ապրանքի քանակը և այլն: Երբ գնված ապրանքը հասնում է Հայաստանի սահմանին, Մաքսային ծառայությունը պարտավոր է նայել ուղեկցող փաստաթղթերը։ Էլեկտրոնային առևտրի դեպքում մաքսային մարմինները ուղեկցող փաստաթուղթ են համարում ծրարին կամ փաթեթին կից առկա անդորրագիրը, որի վրա սովորաբար նշված է լինում ապրանքի անվանումը, վերջինիս գինը: Եթե բոլոր փաստաթղթերը նորմալ են, ապա մաքսայինը պարտավոր է ընդունել այն գինը, որը նշված է ուղեկցող փաստաթղթում: Եթե կասկածներ են ի հայտ գալիս, ապա կարող են հենց իրենք գին սահմանել՝ որոշելով ապրանքի միջին արժեքը Հայաստանի շուկայում կամ ապրանք արտադրելու ծախսի միջին գինը: Արժույթը հաշվարկվում է ներմուծվելու պահին առկա փոխարժեքով, որոշ դեպքերում պետք է վճարել նաև ԱԱՀ։

Բացի սա, սահմանվում է կոնկրետ ժամկետ, երբ ապրանքը պետք է հասնի պատվիրատուին, սովորաբար նշվում է 15 օրից ոչ պակաս: Եթե այդ ժամանակում ապրանքը տեղ չի հասնում, պետք է պարզապես նամակով դիմել օնլայն խանութին կամ վաճառողին: Վերջինս պարտավոր է պատշաճ կերպով պատվիրատուին տեղեկություններ հայտնել ապրանքի առաքման վերջնաժամկետի մասին, եթե դա հնարավոր չէ, ապա կա՛մ հավել յալ ժամանակացույց է սահմանվում, կա՛մ չեղարկվում է պատվերն ու վճարված գումարը վերադարձվում է սպառողին: Կարևոր խորհուրդ. ստուգեք՝ արդյո՞ք վաճառողը վերադարձման կամ փոխհատուցման ծառայություն ունի, ինչ գործընթաց է նախատեսում վաճառողը սխալ կամ վնասված ապրանքների համար»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է՝ գնորդն իրավունք ունի պատշաճ որակի ոչ պարենային ապրանքն իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել, գնված ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ: Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ: Ապրանքների ցանկը, որոնք չեն կարող վերադարձվել կամ փոխարինվել, որոշվում է օրենքով կամ կառավարության սահմանած կարգով: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել հետևյալ երկու տարբերակներին՝ վերադարձվող ապրանքներն ունեն թերություններ և վերադարձվող ապրանքները չունեն թերություններ:

Առաջին տարբերակում դրա փոխարինման կամ վերադարձման ծախսերը կրում է վաճառողը, իսկ երկրորդ տարբերակում՝ գնորդն իր հաշվին է պարտավոր իրականացնել ապրանքների փոխարինումը կամ վերադարձը: Այս տարբերակի դեպքում ապրանքի վերադարձ կամ փոխանակում հնարավոր է հետևյալ պայմաններում՝ ապրանքը չի օգտագործվել և պահպանված են սպառողական հատկանիշները»,-ասում է իրավաբանը:

Ընդգծում է՝ կարևոր է այս գործարքների ժամանակ անձնական տվյալների պահպանումը: «Ուշադիր եղեք բանկային քարտի համարի, գաղտնաբառերի կամ հաշվի տվյալների նկատմամբ։ Համոզվեք, որ աղբյուրն ապահով է և պաշտպանված: Կասկածների դեպքում կարդացեք գաղտնիության քաղաքականությունը: Վճարելուց առաջ ուշադիր ստուգեք վերջնական հաշիվ-ապրանքագիրը: Պարբերաբար ստուգեք նաև Ձեր հաշվի քաղվածքները՝ համոզվելու համար, որ բանկային քարտից պահվել է ճիշտ գումարը: Որևէ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում իսկույն տեղեկացրեք բանկային քարտը թողարկող ընկերությանը»,-նշում է Չիլինգարյանը:

Ընդգծում է՝ էլեկտրոնային առևտրի համար կարևորը մի քանի կանոնների իմացությունն է, ինչը կօգնի խուսափել հիասթափություններից: «Օրինակ՝ հագուստ գնելիս ուշադիր եղեք չափսերին: Մի մոռացեք տեսանյութերը դիտելու մասին: Շարժման մեջ կարելի է հասկանալ, թե ինչ նյութից է պատրաստված հագուստը և ինչ որակի է այն: Մի ընտրեք բարդ երանգներ, էկրանին գույները հաճախ չեն համընկնում իրական գույների հետ: Համեմատեք գները և առաքման եղանակները տարբեր կայքերում: Նախքան պատվիրելը տեղեկացեք վերադարձի պայմանների մասին:

Կարդացեք այլ գնորդների մեկնաբանությունները, եթե այդպիսիք կան և այլ կարևոր քայլեր, որոնք կօգնեն առավել քիչ սխալվել, ինչն էլ կազատի հետագա քաշքշուկներից: Խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք դիմել էկոնոմիկայի նախարարություն՝ (011) 597- 205), Շուկայի վերահսկողության տեսչական մարմին (010) 23-56-00) հեռախոսահամարներով կամ սպառողների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններին»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում