Օրերս աղիքային վարակով Մարտունու ԲԿ տեղափոխված պացիենտների նկատմամբ իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նաև Norovirus-ներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 12-13-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 14 պացիենտ (13-ը՝ 1-4 տարեկան երեխա, 1-ը՝ մեծահասակ):
«Հունիսի 16-ի դրությամբ` «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ընդունված 14 պացիենտից 3-ը դուրս է գրվել, 11-ը հիվանդանոցում են»,–նշված է ԱՆ–ի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ պացիենտներն ընդունվել են Մարտունու ԲԿ «օբստրուկտիվ բրոնխիտ» և «բրոնխոպնևմոնիա» ախտորոշմամբ, սակայն վերջիններիս մոտ սկսվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ, ինչը վկայում է ներհիվանդանոցային վարակի արձանագրման մասին։
Ներհիվանդանոցային վարակի արձանագրման կապակցությամբ ԲԿ-ում իրականացվել է սանիտարահամաճարակային ռեժիմի, ինչպես նաև վարակի հսկողության գործընթացների ներդրման ուսումնասիրություն: