Վճարովի պրոֆեսիոնալ բանակ. եթե ազգովի «կպնենք», տակից դուրս չե՞նք գա. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Վճարովի պրոֆեսիոնալ բանակ. եթե ազգովի «կպնենք», տակից դուրս չե՞նք գա. armeniasputnik.am

Եվ դա պատահական չէ. նույնիսկ Շվեդիան արդեն տասը տարուց ավելի է, ինչ անցել է այդ համակարգին, այնինչ դեռ մոտ 100 տարի առաջ այնտեղ շրջանառվում էր հայտնի կարգախոսը. «Մեկ շվեդ, մեկ հրացան, մեկ քվեաթերթիկ»։ Այսինքն` ցանկացած տղամարդ զինվորական ծառայությամբ պիտի ապացուցի, որ արժանի է ընտրություններին մասնակցելու պատվին։

Հիմա ողջ աշխարհն է գնում պրոֆեսիոնալ բանակների ստեղծման ճանապարհով։ Մեզ մոտ մինչև վերջերս ամեն ինչ սահմանափակվում էր բարի մտադրություններով։ Իհարկե, կարող եմ մեջբերել Հայաստանի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին, որը դեռ երեք տարի առաջ ասել էր. «Այսօր բանակի մոտավորապես 65 տոկոսը պայմանագրային զինծառայողներ են, ընդամենը 35 տոկոսն են կազմում պարտադիր զորակոչված զինծառայողները։ Մենք 12 տարի անընդհատ ունենք զորակոչի նվազում, դրա համար զուգահեռաբար բանակը համալրում ենք պայմանագրային զինծառայողներով: Սա երբեք չի անդրադարձել բանակի մարտունակության վրա»:

Մարտունակության մասին, մանավանդ անցած տարվա պարտությունից հետո, թույլ տվեք պարզապես լռել, բայց ախր այս երկու հասկացությունները՝ «կամավորական զինծառայող» և «պրոֆեսիոնալ զինծառայող», միմյանցից շատ խիստ տարբերվում են։ Փաշինյանին լսեք. «Մեր պայմանագրայինները, ըստ էության, 14 օր իրականացնում էին մարտական հերթապահություն, 14 օր գնում զբաղվում էին իրենց գործերով՝ մեկը՝ գյուղատնտեսությամբ, մյուսը՝ այլ աշխատանքներով, և մարտական պատրաստության բարձրացման հետ կապված աշխատանքները շատ թերի էին ու սահմանափակ։ Այնինչ, զինված ուժերը ոչ պատերազմական իրադրության ժամանակ պետք է գտնվեն իրենց մշտական տեղակայման վայրերում, նրանք պետք է 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր, ամսվա բոլոր աշխատանքային օրերին զբաղված լինեն բացառապես մարտական պատրաստության խնդիրներով»:

Ասում են՝ պրոֆեսիոնալ բանակ չենք կարող պահել, որովհետեւ փող չունենք։ Լեհաստանում էլ էին ասում։ 2004 թվականին փորձագետների և մեկնաբանների գերակշիռ մասը պնդում էր՝ Վարշավյան պայմանագրի կազմակերպության փլուզումից հետո մենք կեսմիլիոնանոց բանակ ենք ժառանգել, այդ ինչպե՞ս պետք է բոլորին մարդավայել վարձատրենք։ Բայց զինված ուժերը կրճատվեցին հինգ անգամ, և ընդամենը 6 տարուց՝ 2010 թվականին, բանակում արդեն գեթ մի զորակոչիկ չկար։ Նախկին սոցիալիստական ճամբարի մյուս երկրներն էլ լիովին անցան պրոֆեսիոնալ սկզբունքին։

Ճիշտ է, օրինակ, երբեմնի Հարավսլավիայի մաս կազմող Չեռնոգորիայում կա ընդամենը 2500 զինծառայող. համերգային մի մեծ դահլիճում կարող են տեղավորվել։ Սակայն հայաստանցի մասնագետներից շատերը համոզված են՝ մեզ մոտ էլ ծախսը ֆանտաստիկ չի լինի։

Նախ, ինչպես վերջերս նշեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը զուգահեռ կարելի է կրճատել պարտադիր ծառայության ժամկետը 2 տարուց մինչև մեկուկես տարի, և դա արդեն թույլ կտա զգալի միջոցներ խնայել։ Նաև էսպիսի հաշվարկ եմ տեսել։ Ենթադրենք, թե ուզում ենք 20 հազար պրոֆեսիոնալ զինվորական ունենալ։

Թե դա ողջ բանակի քանի տոկոսն է կազմում, բնականաբար, չեմ համարձակվի ասել՝ բոլորս շատ լավ գիտենք. մեր բանակի թվաքանակի մասին ամենամանրամասն տեղեկություններն ամեն տարի, նույնիսկ տարին մի քանի անգամ հրապարակվում են միջազգային մասնագիտական և ոչ մասնագիտական պարբերականներում, բայց չփորձեք հանկարծ այդ հայտնի, բաց տեղեկությունների մասին խոսել Հայաստանում, մոլի հայրենասերները ձեզ անմիջապես անարգանքի սյունին կգամեն այն հայտնի հանրահավաքային մուրճով, պարանոցից էլ ցուցանակ կկախեն՝ «Դավաճան ու գործակալ»։

Էնպես որ, եկեք խոսենք ընդամենը 20 հազար պրոֆեսիոնալների մասին։ Նրանցից յուրաքանչյուրին կարելի է առաջարկել ամիսը 1000 դոլար։ Իհարկե, երբ մեր պատգամավորներին եք ասում՝ ախր դուք շատ եք ստանում՝ 1000 դոլարից ավելի, նրանցից շատերը արհամարհական տեսքով արձագանքում են. «Այդ ինչ գումար է որ, ես նախկին աշխատանքում դրանից 5 անգամ ավելի էի ստանում»։ Եվ այնուամենայնիվ, կարծում եմ, կհամաձայնեք, որ 1000 դոլարով հայաստանցին կգնա մշտական, պրոֆեսիոնալ ծառայության։ Եվ ուրեմն, 20 հազար պրոֆեսիոնալի վարձատրության համար անհրաժեշտ է ճարել մոտ 250 միլիոն դոլար տարեկան։ Ինչ եք կարծում՝ եթե ազգովի կպնենք, տակից դուրս չենք գա՞։

armeniasputnik.am