Արդեն տևական ժամանակ է՝ ահազանգեր են հնչում, որ թշնամին փորձում է փոխել Թարթառ գետի հունը, որը կարող է հանգեցնել Սարսանգի ջրամբարի դատարկվելուն։ Դրան զուգահեռ՝ Հայաստանը կանգնած է ոռոգման ջրի սակավության խնդրի առջև, Արմավիրի, Շիրակի և այլ մարզերում բնակիչները չեն կարողանում ոռոգել այգիները, որի արդյունքում էլ դրանք չորացել են։ Չնայած բնակիչները փակեցին ճանապարհները՝ իրենց բողոքի ձայնը Կառավարությանը հասցնելու համար, այդուհանդերձ խնդիրը չլուծվեց, միայն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կանցնեն կաթիլային ոռոգման համակարգի։
168.am-ի հետ զրույցում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն անդրադառնալով Հայաստանի ջրային ռեսուրսների հետ կապված խնդրին և հնարավոր վտանգներին՝ նախ ասաց, որ կողմ չէ կառավարության այն մոտեցմանը, որ պետք է անցնել կաթիլային ոռոգման համակարգի։
«Ինքս դրա կողմնակիցը չեմ, կարծում եմ՝ մեծ գումարներ պետք է ներդրվեն, մեծ աշխատանք պետք է տարվի, և դեռևս պարզ չէ, թե մեր բնակլիմայական պայմաններում այդ համակարգն ինչպես կաշխատի։ Ըստ իս, պետք է աշխատանքներ տարվի ջրային կորուստները նվազեցնելու համար, իսկապես հաշվարկներն այնպես պետք է արվեն, որ ջուրը բնակչությանը բավարարի, ջուրը շատ ավելի ռացիոնալ պետք է օգտագործվի, սա հնարավոր է»,- նշեց Կարինե Դանիելյանը։
Ինչ վերաբերում է թշնամու՝ Հայաստանի ու Արցախի ջրային ռեսուրսներին տիրանալու քայլերին, Կարինե Դանիելյանը նկատեց՝ այս առումով հայկական կողմը շահեկան վիճակում է, քանի որ Հայաստանը բարձադիրում է, և հայկական կողմից է ջուրը գնում։
«Եթե մեր ջրային ռեսուրսները ճիշտ ենք կառավարում, մենք չպետք է տուժենք։ Առհասարակ սա համամոլորակային խնդիր է, այս խնդիրը ես առանձին չեմ դիտարկում։ Վաղուց իմ հոդվածներում թույլ եմ տալիս ինձ ասելու, որ մոլորակն արդեն իսկ հրաժարվում է մարդկությունից, որովհետև այնքան ենք վնասել, որ այժմ բոլոր տիպի ճանապարհներով մոլորակը մարդկությանը դուրս է հանում։ Բոլորս պետք է փոխվենք, պետք է փոխենք մեր յուրաքանչյուր քայլը, ջուրը կարևորագույն նշանակություն ունի»,- շեշտեց նա։
Ըստ նրա, ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրները կախված են՝ ինչպես իշխանություններից, այնպես էլ՝ օգտագործողներից։ Ամեն դեպքում, նա տեսնում է, որ այս խնդիրը պատկան մարմինների կողմից գոնե գիտակցվում է, ինչը լավ է։
«Կրկնում եմ՝ մենք շատ լուրջ պետք է վերաբերվենք ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրներին։ Առհասարակ պետությանը, մարդկությանը վնասելու տեսանկյունից, հակառակ կողմը լավ գործիք է դարձրել ջրային ռեսուրսները՝ թե՛ քանակի, թե՛ որակի առումով։ Այս հարցում մեզ զգոնություն է պետք, և առաջին քայլով պետք է կարողանանք կրճատել ջրային կորուստները։ Ճիշտ է, կրթական մակարդակը կա՝ էկոլոգիական մոտեցումների վերաբերյալ, սակայն շատ ավելի խորը պետք է լինի, լրագրողները, հեռուստատեսային հաղորդումները պետք է սկզբունքորեն աշխատեն այդ ուղղությամբ։
Օրինակ, ծորակի ջուրը բաց ենք թողնում, որպեսզի սառչի, կարող ենք երկար բաց թողնել, բայց դա կոպիտ սխալ է, այդպես չպետք է լինի։ Ընդհանուր մարդկությունը ջրային ռեսուրսների հետ կապված ռիսկերը, վտանգները չի տեսնում, տեսնում են միայն մասնագետները»,- եզրափակեց Կարինե Դանիելյանը։
Զվարթ Խաչատրյան