ԲԴԽ՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Վարդազարյանը ՀՀ վարչական դատարանից պահանջում է, որ իր՝ որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և ԲԴԽ դատավոր անդամի (նախագահի), լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչի:
Հիշեցնենք, որ Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները կասեցվել էին ապրիլին 15-ին։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակել էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասով որոշումը, որով վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել էր վերացնել Վարդազարյանի՝ որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները։ Իրեն պաշտոնին վերականգնելու համար Վարդազարյանը դիմում էր ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ, որի վերաբերյալ ԲԴԽ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ այդ հարցի հասցեատերն իրենք չեն։