ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերևույթ կատարված շորթման, մարդու առևանգման դեպքերի մի շարք հանգամանքներ:
Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ քրեական հեղինակություն համարվող և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացուն Երևանի բնակչի կողմից գումար պարտք լինելու վերաբերյալ առաջացած վեճը լուծելու համար, անօրինական օգուտ ստանալու շահադիտական նպատակով, քրեական ենթամշակույթ կրող և իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների միջոցով, կազմակերպել և 2021թ. հունվարի 18-ին Երևան քաղաքի Դ.Անհաղթ փողոցում գտնվող ֆրանսիական համալսարանի դիմացից «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենայով իրականացրել է Երևանի բնակչի առևանգումը:
Մասնավորապես, տղամարդուն, իր կամքին հակառակ, խաբեությամբ նստեցրել են ավտոմեքենան, կապել աչքերը և տարել ինչ-որ առանձնատուն՝ այդ կերպ վերջինիս իր կամքին հակառակ կտրելով իր միկրոսոցիալական միջավայրից: Այնուհետև նշված խմբավորման անդամներից մեկը և քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք առանձնատան սենյակում ծեծի են ենթարկել տղամարդուն: Նույն օրը՝ գիշերը, վերջինիս Երևան վերադարձնելիս, ավտոմեքենայի մեջ քրեական հեղինակություն համարվող անձը սպանության սպառնալիքով նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափի՝ 5.221.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումար՝ մինչև հետագա հարցերի պարզաբանումը, որը օրեր անց, քրեական ենթամշակույթ կրող և իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամի օժանդակությամբ, ստացել է Երևանի բնակչից՝ շորթման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ քրեական հեղինակություն համարվող անձին ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ վերոնշյալ խմբավորման անդամներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.3-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Վերջիններիս հայտնաբերելու նպատակով 2021թ. օգոստոսի 17-ին հայտարարվել է հետախուզում, միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: