ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում 2021թ. սեպտեմբերի 2-ին, ժամը 21:00-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Երևանի Թումանյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի 25-ամյա բնակիչը:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:25-ի սահմաններում, Թումանյան փողոցի մայթեզրում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- մանրամասնել են Քննչական կոմիտեից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Առգրավվել է տուժողի հագուստը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք անձինք:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: