Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Աշխարհում գոյություն ունեցող մեծ ու փոքր բոլոր երկրներն ունեն անկախության օր, որը նրանց համար պետական և ազգային ինքնության կարևոր խորհրդանիշ է։ Անկախությունը, սակայն, ոչ բոլոր են կարողացել գնահատել և ոչ բոլորն են հաջողել պետականության կազմավորման գործում։
Պետությունը նախ և առաջ կառավարման համակարգ է, որի արդյունավետությունից է կախված անկախության աստիճանը։ Եթե պետությունը և ազգին առաջնորդում են տգետներ և արկածախնդիրներ, ապա կառավարման համակարգերը քանդվում են, ինչի հետևանքով անկախությունը զրոյանում է՝ իր տեղը զիջելով «բանանային պետականությանը»։ Սա այն երկրների դեպքում է, երբ թղթի վրա կա անկախություն, իսկ իրականում երկիրը ամբողջությամբ ենթարկվում է մեկ ուրիշ պետության՝ տնտեսականից մինչև քաղաքական։
Պետականությունը ոչնչանում է, մնում է թղթի վրայի պետությունը, որի ամբողջական ոչնչացումն արդեն տեխնիկայի հարց է․ կկաշառեն ազգի տգետ հատվածին, կգնեն տգետ ու անհայրենիք իշխանություններին, մաս-մաս կվերցնեն պետության կարևորագույն տարածքները, կմնա հանրաքվեն՝ անկախությունից հրաժարվելու և որևէ պետության մաս դառնալու համար։
Իսկ եթե պետությունը ղեկավարում են ազգային ինքնագիտակցություն ունեցող անհատներ, ապա նրանք նախ շեշտը դնում են կառավարման, անվտանգային համակարգերի ամրապնդման վրա։ Ամուր համակարգ և նվիրյալ առաջնորդներ ունեցող պետությունները հաջողում են ինչպես արտաքին հարաբերություններում, այնպես էլ ազգի երջանկության մեջ։
Բոլոր ժամանակներում առավել հաջողված են եղել այն պետությունները, որոնք ուղղորդվել են ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ։
Շատերը այս տերմինը դիտարկում են որպես զգացմունքային, վերերկրային ինչ-որ բան, որտեղ գրված մտքերից կարող ես ոգևորվել, հուզվել քո հարուստ ու գեղեցիկ պատմությամբ և վերջ։ Ոչ։
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ առողջ և ուժեղ պետականության ճանապարհային քարտեզ է, որի ամեն քայլ մատնանշվում է՝ հիմքում ունենալով ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ և ՆՊԱՏԱԿԸ։
Հաջողում են այն պետությունները, որոնց ազգային գաղափարախոսությունը եսակենտրոն չէ, միտված է բարեկամության և համագործակցության, բայց թիրախում ունի ԱՆՄՆԱՑՈՐԴ ՀԱՅՐԵՆԱՆՎԻՐՈՒՄԻ ԵՎ ՈՒԺԵՂ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ գաղափար։
Հայաստանը պարտավոր է ունենալ ազգային կենսունակ գաղափարախոսություն՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորմամբ, որի ամեն կետ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱՆ կլինի յուրաքանչյուր հայի համար՝ համայն ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ (ՀՀ, Արցախ, Ջավախք, Սփյուռք)։
Միայն այդ դեպքում մենք տարիներ անց կունենանք երջանիկ ազգ, որն արարում է իր հայրենիքում, իսկ այդ ազգի արարելու և երջանկության երաշխավորը ուժեղ հայկական պետականությունն է՝ առնվազն 45,000 քկմ տարածքով»։