Դերասան Սերգեյ Դանիելյանի նախաձեռնությունն իրավական ուժ չի ստանա, եւ հետեւապես դերասանը չի մասնակցի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցություն գրանցելու մասին դիմում չի ներկայացվի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստր, կուսակցությունը կմնա վիրտուալ տիրույթում։ Այս մասին զրույցում ասաց Սերգեյ Դանիելյանն ու մանրամասնեց, թե որոնք են ընտրություններին չմասնակցելու պատճառները։
– Պարոն Դանիելյան, ո՞ր փուլում է «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության գրանցման գործընթացը։
– Այնքան դժվարություններ կան գրանցման հետ կապված։ Բոլոր մարզերում պետք է ունենալ գրասենյակներ եւ այլն։ Մենք կմնանք, այսպես ասած, վիրտուալ կուսակցություն, որն իր շուրջը կհամախմբի աննորմալ, լավ, մեր ժողովրդին պետքական եւ չպետքական մարդկանց։
– Փաստորեն, ընտրական գործընթացին մասնակցել չհաջողվեց։
– Ես, իհարկե, շատ կուզեի, բայց դուք պատկերացնում եք, թե ինչ մեծ արշավ էր պետք, կուսակցական արշավ։ Ես պետք է գործս, տունս, տեղս, ամեն ինչ թողնեմ զբաղվեմ այդ «իդիոտ» գործո՞վ, իսկ ես ինձ ավելի լուրջ մարդ եմ համարում։ Համենայնդեպս, այսպես, թե այնպես, ցույց տվեցի, որ ինձ ավելի շատ են սիրում եւ հարգում, քան դրանց բոլորին։ Այսինքն՝ գաղափարը, ոչ թե ինձ։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: