Օրերս հանրությանը ներկայացվեց «Մարտիկ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի շրջանակում դերասան Վարդան Պետրոսյանը և էլի մի քանի արվեստագետներ այցելել էին հայկական զորամասերից մեկը: Սոցցանցերում բուռն քննարկման առիթ դարձավ Վարդան Պետրոսյանի` ադրբեջանական կողմի հետ «սահմանային երկխոսությունը»: Դերասանը հայտնվեց օգտատերերի թիրախում:
Քննադատների մի մասը մտահոգություն հայտնեց, որ Վարդան Պետրոսյանը, հայտնվելով «դիրքերում», պարզապես վտանգել է իր և իրեն ուղեկցողների կյանքը. «Վարդանը պետք է հիշի, որ բեմում չէ, այլ դիրքերում: Ադրբեջանցիներին հայհոյելն էլ կարող է հետագայում դառը հետևանքներ ունենալ սահմանին կանգնած հայ զինվորների համար»,-մեկնաբանել էին օգտատերերը` փորձելով հասկանալ, թե որն էր դերասանի` տվյալ տարածք ներկայանալու և նման քայլի դիմելու իմաստը:
ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցեց «Մարտիկ»-ի հեղինակ և ծրագրի ղեկավար Սեյրան Շահսուվարյանի հետ:
«Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ դրվագը ամբողջությամբ բեմադրված էր: Նախ` որտե՞ղ կարող եք տեսնել նման հսկայական բացվածքով դիտակետ. նման դիտակետ չի կարող լինել: Դա փոքրիկ խուց էր, որը հավանաբար, կառուցվել է ոչ ռազմական նպատակով: Վարդանը եւ նրա ուղեկիցները դիրքերում չէին: Ի դեպ, ասեմ, որ հաղորդումը Ղարաբաղում չի նկարվել, կոնկրետ վայրը չեմ ասի: Այն, ինչ տեսաք, ընդամենը ամանորյա կատակ էր (ռեալ էր մնացած մասը` արդեն զորամասի ներսում), մեր ստեղծագործական խմբով որոշեցինք այս անգամ նման լուծում տալ հաղորդմանը»,-մեկնաբանեց պարոն Շահսուվարյանը:
Մենք զրուցեցինք նաև երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ, ով ևս հաղորդման շրջանակում Վարդան Պետրոսյանի հետ մեկնել էր տվյալ զորամաս, իր հերթին փաստեց, որ տեսանյութում հնչող կրակոցները բեմադրված էին, Վարդանին պատասխանողներն էլ ադրբեջանիցներ չէին, այդ ամենը, ինչպես նշեց երգահանը, «սարքած էր». «Մեր այցի նպատակը զինվորներին ուրախություն պատճառելն էր, նրանց քաջալերելը»,-եզրափակեց Ե.Պետրոսյանը:
Ամբողջությամբ՝ armlur.am