Բաքվում կար ժամանակ, որ համակերպվել էին այդ ամենի հետ. Գերությունից վերադարձած Մելսը որոշել է շարունակել ուսումը. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Բաքվում կար ժամանակ, որ համակերպվել էին այդ ամենի հետ. Գերությունից վերադարձած Մելսը որոշել է շարունակել ուսումը. pastinfo.am

11 ամիս հայրենիքից կտրված ու գերության մեջ հայտնված Մելս Ամբարդարյանը մոտ երկու շաբաթ առաջ տուն վերադարձավ ևս 4 ռազմագերիների հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նրա եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը, տեղեկացրել է, որ Մելսը գանգատներ չունի։

Լավ նորությունն էլ այն է, որ Մելսը որոշել է ուսումը շարունակել։ Երևանի գյուղատնտեսական համալսարանի 5-րդ կուրսում վերականգնվել է՝ հեռակա դասընթացների ծրագիրն անցնելու համար։ Այս պահին Մելսը ծնողների ու գերության մեջ գտնվող ընկերների հարազատների հետ է։ Բացի ուսումը շարունակելուց, Ամբարդարյանն օգնելու է ծնողներին, աշխատելու է հայրիկի հետ՝ ընտանեկան շինարարական փոքր ընկերությունում։

«Առողջականը նորմալ է՝ բավարար։ Գանգատներ չունի։ Ստուգում անցել է զինվորական հոսպիտալում, որի արդյունքները ցույց են տվել, որ Մելսը լուրջ առողջական խնդիրներ չունի»։

Հոկտեմբերի 19-ին՝ Երևան վերադառնալուց հետո Մելսը մեկ օր է մնացել զինվորական հոսպիտալում, իսկ հաջորդ օրն արդեն Ամբարդարյանը տանն էր, սակայն ցավոք, Ամբարդարյանների ընտանիքը ստիպված էր լսել սիրելի տատիկի կորստի մասին, ով առողջական խնդիրներ ուներ։

«Մելսի վերադառնալը և տատիկի մահը նույն ժամանակահատվածում եղավ։ Մեկ, երկու ժամվա տարբերությամբ տատիկս մահացավ։ Մենք ինչ իմանայինք, որ տատիկը Աստծու հետ պայման չէր կապել, որ կյանքը տալու է՝ Մելսի վերադարձի համար»,- պատմել է Տիգրան Ամբարդարյանը։

Մելս Ամբարդարյանը դեռ հրապարակային չի խոսել գերեվարման օրվա և Բաքվում անցկացրած ծանր 11 ամիսների մասին։ Վերադառնալուց հետո ցուցմունք է տվել քննչական կոմիտեում և ռազմական ոստիկանությունում։ Հույս ունեն՝ ժամանակի ընթացքում արդյունքը կտեսնեն՝ պատասխանատուներն ու մեղավորները կգտնվեն ու կպատժվեն։

«Համապատասխան կառույցները, որոնք պատասխանատու էին, պետք է զբաղվեին այդ խնդիրներով։ Մելսը հրապարակային չի խոսի քանի դեռ մնացածը չեն վերադարձել։ Ես զգացի, որ ինքը կայուն բարոյահոգեբանական վիճակով է վերադարձել այնտեղից, չկար ոչ մի աֆեկտային վիճակ։ Հասկանում է՝ ինչ է անելու»։

Մելս Ամբարդարյանը հուլիսին 23-ին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։ Վերադառնալուց հետո Մելսը պատմել է եղբորը, որ համակերպվել էին, չնայած հույսը չէր մարել։

«Իր ասելով՝ կար ժամանակ, որ համակերպվել էին այդ ամենի հետ ու արդեն բոլոր ծրագրերը ու պլանները ուշ ապագայի վրա էին թողել, բայց մտածում էին, որ մենք այստեղ անգործ չենք, օգնելու ենք իրենց, որ շուտ վերադառնան»։

Տիգրան Ամբարդարյանը եղբորը պատմել է Երևանում ծավալված 11 ամիսների պայքարի ու ապրումների մասին։ Շարունակելու են պայքարը այնքան ժամանակ, մինչև վերջին ռազմագերին տուն չվերադառնա։

«Պայքարը շարունակելու է Մելսը՝ իմ օգնությամբ ու հորդորներով։ Ինքը համարյա ամեն ինչ գիտի անցած 11 ամիսների մասին։ Ինքը ավելի եռանդով ու ցանկությամբ լցված շարունակելու է այն, ինչ մենք սկսել ենք ու մինչև վերջին մարդու գալը պայքարելու է՝ բոլորի վերադարձի համար»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ևս 5 գերու։ Բաքվից վերադարձած 5 գերին 2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարված շիրակցիներից են: Նրանցից երեքը՝ Ռաֆիկ Կարապետյանը, Մելս Ամբարդարյանը և Սեդրակ Սողոմոնյանը տարվա հուլիսին 23-ի դատապարտվել էին 6 տարվա ազատազրկման։ Համապատասխանաբար հուլիսի 22-ին և հուլիսի 29-ին 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել նաև Ժորա Մանուկյանն ու Հովսեփ Մանուկյանը։

2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ 62 շիրակցի գերեվարվել է դեկտեմբերի 13-ին։

Բաքուն շիրակցի հայ գերիներին մեղադրում էր դիվերսանտ լինելու մեջ։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 113 անձի։

pastinfo.am