Դպրոցականները ետ են ընկել մեկ կիսամյակի չափով. փոխնախարարը՝ կրթության վրա COVID-ի ազդեցության մասին
Advertisement 1000 x 90

Դպրոցականները ետ են ընկել մեկ կիսամյակի չափով. փոխնախարարը՝ կրթության վրա COVID-ի ազդեցության մասին

Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն կորոնավիրուսի համավարակը զգալի մեծացրել է թերուսությունը կամ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 10 տարեկանների շրջանում, նրանք, որոնք չեն կարող կարդալ և հասկանալ տարրական տեքստը, հասել է շուրջ 70 տոկոսի։ Սա դպրոցների փակման և ընդհատվող կրթության հետևանք է։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 200-250 օր, և շատերը դեռ փակ էլ մնում են։

«Տարեսկզբին կանխատեսում կար, որ ֆունկցիոնալ անգրագիտության աճը կկազմի 10 տոկոս, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ բացասական ազդեցությունն ավելի մեծ է՝ 17 տոկոս, քանի որ մինչքովիդյան ժամանակաշրջանում թերուսության մակարդակն այս երկրներում եղել է 53 տոկոս։ Մեր երկրում դպրոցների փակման ցուցանիշը շատ ավելի ցածր էր՝ 12 շաբաթ։ Մեր երեխաները ետ են ընկել մեկ կիսամյակի չափ՝ ի տարբերություն շատ երկրների, որտեղ մեկուկես տարվա բաց է գոյացել։ Բայց սա էլ շատ լուրջ խնդիր է՝ հատկապես գումարվելով կրթական համակարգի եղած խնդիրներին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նա ընդգծել է, որ համավարակը միայն առողջապահական խնդիր չէ։ Այն իր հետևանքով ու ազդեցությամբ գնալով ահագնացող խնդիր է դարձել կրթական համակարգի համար։

«Զերծ պահենք մեր երեխաներին վատթար իրավիճակից. առողջապահական իրավիճակին աջակցելու մեզնից յուրաքանչյուրի քայլը դառնում է նաև կրթության իրավունքն ապահովելու քայլ»,- հավելել է նա: