Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավդոշիևի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանն ու նույն վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վ. Մամիկոնյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի և Սևակ Առաքելյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը՝ հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 54-ամյա Տիգրան Կ.-ն էր:
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի պետ Վ. Մամիկոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Խմբի ղեկավարի որոշմամբ էլ հարուցվել է քրեական գործ: Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այն հարուցվել է ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները և աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են մահացածի հետ գտնվող ենթադրյալ անձանց ինքնությունը: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրից պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Սևակ Առաքելյանն ու Ժակ Մանվելյանը Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն են ուղեկցել 2 տղամարդու, որտեղ պարզում է նրանց ինքնությունն ու ինչ առնչություն ունեն նշված դեպքին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: