ՀՀ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողներն իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում հայտնաբերվել է թալանված BMW մակնիշի ավտոմեքենա:
Այս մասին գրում է shamshyan.com-ն ու տեղեկացնում, որ նոյեմբերի 16-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք է դիմել Արարատի մարզի բնակչուհի 33-ամյա Սեդա Ս.-ն և հայտնել, որ այս տարվա ապրիլի 16-ին 2 երիտասարդ վաճառելու նպատակով Նուբարաշեն վարչական շրջանի 11 փողոցից իրենից վերցրել են իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, սակայն այն հետ չեն վերադարձրել: Ինքը ունի կասկածներ, որ ավտոմեքենան նրանք վաճառել են այլ անձի՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով իր ավտոմեքենան:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են նրանց ինքնությունը: Վերջիններս Նուբարաշենի բնակիչներ 29-ամյա Սեդրակ Օսիպյանն ու 43-ամյա Պարույր Արշակյանն են: Աղբյուրի տեղեկություններով՝ Սեդրակ Օսիպյանը ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի եղբոր որդին է:
Փաստի առթիվ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են նաև միջոցառումներ՝ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ:
Նշված BMW-ն հայտնաբերել են Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հասցեներից մեկում գտնվող ավտոպահեստամասերի խանութի դիմացից: Այն քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք: