Մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այսօր 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։
«Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը գաղտնի են պահվել»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Մուրադովը խաղաղապահների հրամանատարն էր մինչև 2021 թվականի սեպտեմբերի սկիզբը, հետո նա վերադարձել է ՌԴ՝ շարունակելով իր ծառայությունը ՌԴ հարավային օկրուգի ռազմական հրամանատարի տեղակալի պաշտոնում, բայց ակտիվ մասնակցում է Արցախի և գերիների հարցով ռուս-ադրբեջանական բանակցություններին։