«Մկների ժողովը» տիպիկ բնութագրում է հայ ազգին. Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

«Մկների ժողովը» տիպիկ բնութագրում է հայ ազգին. Վրթանեսյան

Եթե հիմա գրեի, որ «Մկների ժողովը» տիպիկ բնութագրում է հայ ազգը, վստահ եմ, որ շատ-շատերդ կհավանեիք, կտարածեիք գրառումս ու դրա տակ այդ միտքը հաստատող մեկնաբանություններ կգրեիք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Ինչո՞ւ։

Որովհետև նախ՝ քանի որ մի կողմից կյանքում բոլորս բախվել ենք այն երևույթին, երբ մարդիկ խոսում-խոսում են, բայց իրենց ասածը մեծ մասամբ չեն անում (օր.՝ «վե՛րջ, վաղվանից անցնում եմ առողջ ապրելակերպի»), ինքներս էլ ենք բազմիցս ինչ-որ բաներ որոշել ու չենք արել, իսկ մյուս կողմից էլ՝ հայ ենք, մեր ծանոթների մեծ մասն էլ են հայեր, ըստ այդմ հակված ենք ասել-չանելը վերագրել հիմնականում հայերիս։

Իրականությունը, սակայն, այն է, որ մարդիկ ընդհանրապես իրենց ասածների, իրենց որոշումների մեծ մասը չեն իրագործում։ 2013-ին էր, կարծեմ, ԱՄՆ-ում արված մի հետազոտություն կարդացի, որ լուրջ որոշումների մոտ 20 տոկոսն են իրագործվում։

Երկրորդը՝ մենք, ելնելով մեր մշակութային «բագաժից» վստահ ենք, որ դա զուտ հայկական առակ է, այսինքն հայկական գրողն այն գրել է մեր մասին։ Իրականությունն այլ է. սա միջնադարյան առակ է, որի առաջին հայտնի տարբերակները Անգլիայում և Ֆրանսիայում են գրանցվել ու լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում։ Այսինքն «մկնաժողովությունը» համամարդկային հատկություն է։

Երրորդը՝ անորոշության և սուղ ռեսուրսների պայմաններում կոլեկտիվ դժվար որոշումներ կայացնելը հմտություն է, որը պահանջում է համապատասխան գիտելիք ու փորձ։ Եւ այդպիսի որոշումներ կայացնելն է՛լ ավելի է բարդանում ճգնաժամային իրավիճակներում։ Այնպես որ իսկապես հեշտ բան չէ։

Ինչո՞ւ եմ այս մասին այսպես մանրամասն գրում… Եթե մեր մոտ հիմա ինչ-որ բաներ միանգամից չեն ստացվում (կամ, ինչպես շատերին է թվում՝ ընդհանրապես ոչ մի բան չի ստացվում), դա չի նշանակում, որ մենք՝ որպես հասարակություն, առանձնահատուկ վատն ենք, ազգ ունենալուն անարժան ենք, ֆլան ենք, ֆստան ենք։

Սա այն միտքն է, որը մեզ փորձում են ներշնչել թուրքերը և ադրբեջանցիները, ինչպես նաև Հայաստանում իրենց շահերը ներկայացնող նիկոլաթուրքերը։ Այդ միտքը մեզ ներշնչում են, որպեսզի իսպառ հրաժարվենք դիմադրելու մտքից անգամ։ (Գուգլում փնտրեք «learned helplessness»-ն ինչ է նշանակում)։

Մեզ բառի բուն իմաստով վարժեցնում են, որ հնազանդվենք, ենթարկվենք ու չդիմադրենք, իրենց մեղքերը բերում են մեր ներքին գոտի, որ իրենց հանցագործությունների համար մենք մեզ մեղավոր զգանք։ Մեղավոր և անօգնական։

Ես չեմ ասում, որ ինքնավերլուծությամբ, մեր սխալներն ու մեղքերն ուսումնասիրելով ու դրանք ընդունելով չպիտի զբաղվենք։

Բայց ամեն ինչ պիտի չափի մեջ լինի։ Պետք չէ ինքնագոհությունից միանգամից ընկնել ինքնամոռաց ինքնախարազանման գիրկը, դա երբեք ոչ մեկին լավ բանի չի հասցնում»,- գրել է Վրթանեսյանը։



Նման նյութեր