Ընդդեմ լրագրողի դեմ սպառնալիքների
Այսօր լրագրող Թաթուլ Հակոբյանը հայտարարել է, որ վերջին օրերին ստացել է հաշվեհարդարի, իրեն դատաստանի ենթարկելու, անգամ կյանքից զրկելու սպառնալիքներ՝ կապված իր մասնագիտական գործունեության հետ։ Թաթուլ Հակոբյանն այս օրերին մասնագիտական այցով գտնվում է ԱՄՆ-ում և իր ներկայացրած ահազանգի համաձայն, իրեն ուղղված այդ սպառնալիքները համակարգվում են ինչպես Հայաստանից, այնպես էլ ամերիկահայ որոշակի շրջանակներից։ Լրագրողը կարծում է, որ իր դեմ ուղղված արշավի առիթ է հանդիսացել հարցազրույցներից մեկում իր արտահայտած հետևյալ միտքը՝ «Հայաստանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը»:
Իրեն ուղղված սպառնալիքների մասին ահազանգելով՝ Թաթուլ Հակոբյանը տեղի ունեցածի վրա է հրավիրել իրավապահ կառույցների, մասնագիտական ու իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ուշադրությունը՝ փորձելով այդ կերպ պաշտպանել իրեն հնարավոր հաշվեհարդարից։
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Թաթուլ Հակոբյանի մասնագիտական գործունեությամբ պայմանավորված՝ նրա անձի թիրախավորման բոլոր փորձերը, առավել ևս՝ կյանքին ուղղված սպառնալիքներ ներկայացնելու հանցավոր գործելակերպը։
Կատարվածը Հայաստանում և ընդհանրապես հայկական իրականության մեջ արմատավորված ատելության ու չարության արատավոր մթնոլորտի օրինակ է, որը պետք է արժանանա համարժեք ու խստագույն իրավական, բայց նաև քաղաքական գնահատականի։
Միևնույն ժամանակ, Թաթուլ Հակոբյանի հետ տեղի ունեցածը, ցավոք, ոչ թե բացառություն է, այլ, դժբախտաբար, արդեն իսկ տարածված օրինաչափության հերթական դրսևորում։ Հատկապես վերջին 3.5 տարիներին, Հայաստանում բազմաթիվ խմբագիրներ, լրագրողներ, փորձագետներ, հանրային-քաղաքական գործիչներ գործունեություն են ծավալում համանման սպառնալից, վտանգավոր մթնոլորտում, որոնց մասին ահազանգերը մնում են անպատասխան։
Հաշվի առնելով նաև այդ ցավալի նախադեպերը՝ Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում բոլոր պատկան կառույցներին՝ Հայաստան վերադառնալուն պես ապահովել Թաթուլ Հակոբյանի անվտանգությունը, զուգահեռաբար հետամուտ լինելով և պատժելով նրան ուղղված սպառնալիքների հեղինակներին ու կազմակերպիչներին։
Ինչ վերաբերում է Թաթուլ Հակոբյանի և ընդհանրապես որևէ հրապարակային անձի այս կամ այն մտքին, տեսակետին կամ գաղափարին, ապա կարելի է արմատապես դրան համաձայն չլինել, վիճել, բանավիճել, հակադրվել, սակայն դա պետք է տեղի ունենա միայն ու բացառապես հանրային, քաղաքական, քաղաքագիտական, մասնագիտական տիրույթում։
Հայաստանի ժուռնալիստների միությունն իր զորակցությունն է հայտնում Թաթուլ Հակոբյանին և հանձնառու է հետամուտ լինել նշված հակաօրինական գործողությունների հետաքննության ու բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
Հայաստանի ժուռնալիստների միություն