Սյունե Սևադան ֆեյսբուքում գրել է.
«Արիանայի ծնունդն է այսօր` երկրորդը` առանց իր ֆիզիկական ներկայության: Արին մարդ էր, որի հպումը քո կյանքին միշտ հետք էր թողնում:
Արին երգում էր, պարում էր, գրավում էր սարեր ու սրտեր, մի վայրկյանում փոխում գծած ճանապարհդ կամ կյանքդ, արագ որոշումներ կայացնում` դիպուկ, հստակ, ուղիղ` իր խաղացած շախմատի ու ապրած կյանքի պես: Հայաստանն այնքան սիրեց, որ մահից հետո անգամ ինքն էստեղ մնաց:
Արիանան ինձ նվիրեց համարձակություն` շատ ավելի բարդ տեքստեր գրելու, սովորեցրեց պատասխանատվության, որովհետև իր մտքերը ես էի լսում ու դարձնում հայերենով խմբագրականներ, նվիրեց «Ճամփորդի» թիմը, ու չգիտեմ` արդյոք երբևէ էլի կունենամ նման տաք աշխատավայր: Արին ինձ նվիրեց հրաշալի ընկերներ, որոնք միայն գործի չէ` կյանքի ընկեր են ու կողքիս ցանկացած հարցով:
Լիքը հիշողություններ մնացին, լիքը իրեր ու օրեր: Մնաց իր սոցիալական էջը, որ համառորեն բոլորիս ընկերների ցանկում է, ու երեխայական միամտությամբ բացում ու թերթում ենք, կարդում մեր նամակագրությունը…Արիանան չկա: Բայց կա մի ահռելի շնորհակալության ու սիրո զգացում, որ ուր էլ լինի` հասնելու է իրեն:
Ու ես միշտ գրելու եմ իր մասին, որ չմոռանաք այն ֆիլիպինուհուն, որը եկավ մեր երկիր, սիրեց Հայաստանն ու Արցախը սեփական հայրենիքից առավել: Եկավ ու հավերժ կմնա այստեղ:
Շնորհավոր ծնունդդ, մեր Արի»: