Հայաստանում ուսուցչի աշխատանքը գրավիչ դարձնելու համար միայն հավելավճարի քաղաքականությունը բավարար չէ, շատ կարևոր է աշխատավարձային քաղաքականություն մշակել։ Լրագրողների հետ տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հանրակրթության մասին օրենքով նախատեսում ենք ատեստավորված ուսուցիչների համար սահմանել դրույքաչափի փոփոխություն, այսինքն՝ դրույքաչափը կբարձրանա։ Մենք կունենանք աշխատավարձի բարձրացում , բայց դա կվերաբերի ատեստավորված ուսուցիչներին (խոսքը կամավոր ատեստավորման մասին է)։ Դրույքաչափի փոփոխությունը կլինի էական, 10000-20000 դրամ։ Այժմ նվազագույն դրույքաչափը 108,800 դրամ է և մենք նպատակ ունենք այն հասցնել մինչև 200,000 դրամ, որի նկատմամբ նոր կկիրառվի հավելավճարը»,-ասաց փոխնախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ այս պահին ուսուցիչներն ունեն հնարավորություն կամավոր ատեստավորվելու և տարրակարգի միջոցով աշխատավարձը կրկնապատկելու։
«Սա նշանակում է, որ մաքսիմալ աշխատավարձի հնարավոր չափը կարող է դառնալ 400,000 դրամ»,-ասաց նա։
Անդրեասյանի խոսքով՝ դա իրենց առաջարկն է, և իրենք այդ ուղղությամբ հաշվարկներ են իրականացրել։ Փոխնախարարը հույս ունի, որ առաջիկայում այդ հարցերի շուրջ մանրամասն քննարկում կլինի։