«Կարճ ասած, եթե ադրբեջանցին մեզ սպառնում է ոչնչացմամբ, ապա թուրքն առաջարկում է մեզ դանդաղ վերանալ». Արման Աբովյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կարճ ասած, եթե ադրբեջանցին մեզ սպառնում է ոչնչացմամբ, ապա թուրքն առաջարկում է մեզ դանդաղ վերանալ». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ մեկ ու կես ժամանոց թուրք-հայկական շինծու «մերձեցմանը» նվիրված առաջին հանդիպումը ավարտվեց թուրքերի և հայերի դիվանագիտական «պաչպռոշտիներով»։ Թե՛ թուրքական, թե՛ հայկական ԱԳՆ-ների ներկայացուցիչները ընդգծեցին, որ հանդիպումը անցավ դրական մթնոլորտում։

Ի՞նչ է նշանակում «դրական մթնոլորտ», այդպես էլ պարզ չի, հատկապես, որ թուրքերը հանդիպումից առաջ բազմաթիվ անգամ, այս կամ այլ դիվանագիտական և քաղաքական խողովակներով, հնչեցնում էին մի շարք նախապայմաններ, որոնք, ըստ էության, նշանակում էին, որ Հայաստանը թուրքերի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դիմաց փաստացի պետք է հրաժարվի պետական և ազգային հիմնարար սկզբունքներից, որոնք հանդիսանում են Հայաստանի և հայ ժողովրդի ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ համակարգի ֆունդամենտը։

Կարճ ասած՝ թուրքերը մեզ առաջարկում էին (և համոզված եմ, որ շարունակում են պնդել) իսպառ հրաժարվել ինքնությունից, հիշողությունից և անվտանգությունից՝ թողնելով մեր «ապագան» թուրք-ադրբեջանական տանդեմի հայեցողությանը։ Այստեղ կա նաև մի շատ կարևոր հանգամանք, որի մասին գրեթե չի խոսվում, սակայն այս պարագայում դա ունի որոշիչ նշանակություն։

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը դիտարկում են միմիայն իրենց վերջնանպատակի կոնտեքստում, այսինքն՝ Հայաստանի տարածքով՝ ցամաքով, միավորման և տարածաշրջանում այս կամ այլ ձևաչափով հայերի գործոնի չեզոքացման։ Այստեղ թուրքերի և ադրբեջանցիների դերակատարությունը հստակ կիսված է իրենց միջև, այսինքն՝ իրենք խաղում են փաշինյանական իշխանությունների հետ (իսկ միգուցե ամբողջ հայ հասարակության հետ) «բարի և չար ոստիկանի» դերերը։

Ադրբեջանը «չար ոստիկանն» է, որը մշտապես սպառնում է, սպանում է, վախեցնում է մեզ և պահում է հայ հասարակությանը մշտական լարվածության մեջ։ Թուրքերը դա «բարի ոստիկաններն» են, որոնք միգուցե ԱՌԱՅԺՄ ուղղակի մեզ չեն ոչնչացնում (իհարկե բացի Արցախյան 44-օրյա պատերազմից) և առաջարկում են ավելի փափուկ տարբերակներ մեզ ինքնաոչնչացվելու համար։

Կարճ ասած, եթե ադրբեջանցին մեզ սպառնում է ոչնչացմամբ, ապա թուրքն առաջարկում է մեզ ոչ թե միանգամից վերանալ, այլ ավելի դանդաղ և ավելի նուրբ ազգային ինքնասպանության տարբերակները։

Յուրաքանչյուր դեպքում, այս թրքահաճո, ադրբեջանամետ, հակապետական և ապազգային իշխանությունները ամեն դեպքում տանում եմ մեզ դեպի իսպառ ոչնչացում․ դանդաղ դա կլինի, թե՝ արագ, ընդհանրապես կապ չունի։
Հ․Գ․
Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փաստացի մեկնարկ տվեց Երասխ-Ադրբեջան և Մեղրի-Ադրբեջան երկաթգծի հայկական հատվածի վերականգնման գործընթացին։
Ինչպես կասեր դասականը․ -Совпадение?… не думаю».



Նման նյութեր