«Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն թաքցնում իրենց մտադրությունները». Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

«Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն թաքցնում իրենց մտադրությունները». Արման Աբովյան

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից.

«Հանրային տիրույթում հնչած վերջին իշխանական թեզերը հասարակության մտածող հատվածին կրկին գցեցին «ступор»-ի մեջ ։

Այս պրագայում հարկ եմ համարում ուշադրություն դարձնել բացահայտ մանիպուլյատիվ,պրիմիտիվ և ադրբեջանահաճո (մեղմ ասած) թեզերին, որոնք հնչել են հայ-ադրբեջանական թեմայի համատեքստում։

Իմ կարծիքով, տեղի է ունենում անհավանականը՝ հայկական կողմն արդեն բացահայտորեն սպիտակեցնում և արդարացնում է Հայաստանի և Արցախի նկատմամբ Իլհամ Ալիևի հակահայկական և ֆաշիստական նպատակաները և քայլերը։

Միանշանակ է, որ ներկայիս իշխանությունների թուրքամետ և ադրբեջանամետ օրակարգը, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» տեսքով, մեզ համար վերածվում է արյան ու տարածքային կորուստների, բայց նույնիսկ այս պարագայում թուրք-ադրբեջանական ֆաշիզմի արդարացումը պարզապես չի տեղավորվում մեր գլխում։

Տեսեք, օրինակ, Իլհամ Ալիևը բացահայտ հավակնում է Հայաստանի տարածքներին։

Հայկական «քաղաքական մտքից» ի պատասխան, մենք լսում ենք հայկական տարածքների նկատմամբ Իլհամ Ալիևի հավակնությունների արդարացման փորձեր, այն է՝ «Ալիևն այդպես է ասել, քանի որ իննսունականներին հայերն ասել են, որ Բաքուն հայկական քաղաք էր»։

Սա պարզապես ոչ միայն հրեշավոր ու անընդունելի թեզ է , սա առնվազն սուտ է, փաստերի մանիպուլացում ու խեղաթյուրում է՝ հօգուտ Հայաստանի տարածքի նկատմամբ թշնամի պետության հավակնությունների։

Խորհուրդ եմ տալիս շատ ուշադիր կարդալ այս պարբերությունը, նույնիսկ մեծատառերով կգրեմ հատուկ համառների համար։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՄ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՑԵՊՑԻԱՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԴՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԱՐՏԱՔՍՄԱՆ ՆՊԱՏԱԿ: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԿՈՂՄ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԱՆԿԱԽ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԵՆՑ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՀԱՅԵՐԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԷԹՆԻԿ ՏԱՐՐ, ՈՐԸ ԵՆԹԱԿԱ Է ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՔՍՄԱՆ։

Միևնույն ժամանակ, ֆաշիստական պետական կազմավորման առաջնորդը, իրանցիներից գողացված «Ադրբեջան» անվամբ, Հայաստանի մասնատումը (Սյունիքի միջանցքը) և Հայաստանի և Արցախի ԲՈԼՈՐ տարածքների օկուպացումը հայտարարում է որպես պետական գաղափարախոսություն և «ազգային տեսլական»։

Ադրբեջանում հակահայկական հիստերիան հասել է այն աստիճանի, որ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԴԱԿՈՎ արգելվում է Հայաստանի քաղաքների ու գյուղերի, այդ թվում՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի, հայերեն անունները հնչեցնելը։

Հատկապես «խաղաղասեր» հայ ադրբեջանասերների համար կրկնում եմ՝ Ալիևը որպես պետական հայեցակարգ հայտարարեց Հայաստանի, Արցախի փաստացի ՈՉՆՉԱՑՈՒՄԸ։

Բնական է, որ տխրահռչակ «խաղաղության դարաշրջանը» կամ Հայաստանի հետ «բարեկամության» համաձայնագրի ստորագրումը ադրբեջանական կողմը դիտարկում է բացառապես տարածաշրջանում հայկական քաղաքական և էթնիկ տարրին չեզոքացնելու իր պետական քաղաքականության համատեքստում։

Ամենակարևորն այն է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն թաքցնում իրենց մտադրությունները, իսկ իրավիճակի զառանցական ու հրեշավոր բնույթն այն է, որ Հայաստանի տարածքի նկատմամբ թուրք-ադրբեջանական հավակնությունների ակամա «արդարացնողները» Հայաստանի իշխանություններն են… աբսուրդ է չէ՞»։



Նման նյութեր