Այսօր՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-դ վաշտի պարեկներ Ավետիք Դալլաքյանն ու Լևոն Միքայելյանը Իսակովի պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են՝ ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենան սահմանված արագությունը գերազանցելով վարում են։
Պարեկները կանգնեցնում են ավտոմեքենան, որի միջից 2 կին իջնում են ու պարեկներին ասում, որ շտապում են, քանի որ ավտոմեքենայում 2 ամսական տղան սուր շնչառական խնդիրների պատճառով շատ վատ է զգում, և նրան իրենք տեղափոխում են «Արաբկրր» բժշկական կենտրոն։ Պարեկները այդ 2 կանանց հետ երեխային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ հերթական հրաշքն են գործում բժիշկները և հնարավոր է լինում երեախյի կյանքը փրկել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ կանանցից մեկը երեխայի մայրն է եղել, մյուսը՝ տատիկը։ «Արաբկիր» բժշկական կենտրոնից տեղեկացանք. «Լավ էր, որ երեխային շուտ են հասցրել հիվանդանոց, հակառակ դեպքում ավելի կսրվեր ու ավելի կբարդանար երեխայի վիճակը։ Հիմա արդեն կարող ենք վստահ ասել, որ տղայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ Որպես բժիշկներ՝ մեր շնորյակալությունն ենք հայտնում նաև պարեկներին, ովքեր տեղում ճիշտ կողմնորոշվելով՝ իրենք են երեխային «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխել»։