Շահագործման է հանձնվել Չինաստանի կողմից մշակված քվանտային կապի աշխարհում առաջին արբանյակը՝ «Մո-ցզի»-ն: Այդ մասին հայտնել է Չինաստանի միջազգային ռադիոն (CRI):
Չինաստանը քվանտային կապի արբանյակի մշակումն սկսել էր 2011 թվականին: «Մո-ցզի» արբանյակն արձակվել էր 2016 թվականի օգոստոսի կեսերին Հանսու նահանգի Ցզյուցյուանի տիեզերակայանից:
Ըստ ռադիոյի տվյալների, արբանյակը ավարտել է թեստերն ուղեծրում և շահագործման հանձնվել հունվարի 18-ին: Ընդ որում ավելի վաղ հայտնել էին, որ այն շահագործման է հանձնվելու 2016 նոյեմբերի երկրորդ կեսին:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Պան Ցզյանվեյը, արբանյակի բոլոր համակարգերն աշխատում են անխափան: Մինչ այդ Պան Ցզյանվեյը նաև հայտարարել էր, որ Չինաստանը կարող է մինչև 2030 թվականն ստեղծել քվանտային կապի գլոբալ ցանց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: