Ռոբերտ Քոչարյանը շատ կարեւոր մեսիջ փոխանցեց բոլոր նրանց, ովքեր հավակնում են առաջիկա պայքարում դերակատար լինելու․ փողոցի միակ օրակարգը լինելու է իշխանության հրաժարականը, այլ ոչ թե որեւէ քաղաքական առաջնորդի իշխանության գալը։ Եվ որ սա իր համար առաքելություն է եւ պարտավորված է մինչեւ վերջ պայքարել եւ հասնել հաջողության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Yerevan.Today–ի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը։
«Խորհուրդս նրանց, ովքեր չեն նայել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը․ հենց ձեզ համար օգտակար կլինի, որ ասուլիսից եզրահանգումներ չանեք՝ կարդալով որոշ սորոսականների, հասարակական ու քաղաքական մանրապճեղների, լրագրության հերն անիծող լրագրողների, հաստիքավոր վերլուծողների գրառումները։ Լավ կլինի՝ ինքներդ դիտեք։
Խորհուրդս նրանց, ովքեր ասուլիսը դիտել են․ երկրորդ նախագահն ասել է ամեն ինչ պարզ, հստակ, կարծում եմ՝ անգամ, շատ ավելի անկեղծ, քան սովորաբար լինում են իր կալիբրի գործչի խոսքը։ Ու քանի որ հարցերը շատ էին, կրկնվող հարցերը նույնպես, ամեն բան ասել է մի քանի անգամ, որ բոլորը, նույնիսկ ՔՊ-ականները հասկանան։ Այնպես որ, ինքներդ վերլուծեք, մի սպասեք ու կարծիք կազմեք վերը թվարկված խմբերի վերլուծություններից․ նրանցը պատվերն է, նախանձը, մաղձը։
Կարեւոր ազդակներ, որ ինքս ստացել եմ Քոչարյանի ասուլիսից․
1․ Հայաստանը բանակը զինելու, անվտանգությունը խորացնելու փոխարեն ընտրել է Թուրքիայի ազդեցության դաշտ ընկնելու ճանապարհը։ Թուրքիային Նիկոլը համարում է հզոր եւ ենթարկվում է։ Պետք է սա փոխել։
2․ Այս իշխանությունները բանակցելու են Արցախի վերաբերյալ այն տրամաբանությունից, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս։ Ուրեմն լավ կլինի՝ այդ բանակցությունները տեղի չունենան։
3․ Հայաստանում կեղծ գործընթացներ են՝ թե՛ իշխանական գործիչներով պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը, թե՛ ՀՀ նախագահի ընտրության գործընթացը, թե՛ սահմանադրական փոփոխությունների գործընթացը, որը հնարավոր է նաեւ չկայանա, պարզապես շոու է։ Պետք է ուշադրությունը չշեղել այլ հարցերի վրա, քան իշխանափոխությունն է։
4․ Հայաստանի բնակչության մեծամասնությունն իշխանության նկատմամբ խորը հիասթափություն ունի, այդ տրամադրությունները շատ շուտով կընդունեն փողոցային պայքարի ձեւ։
5․ Ռոբերտ Քոչարյանը շատ կարեւոր մեսիջ փոխանցեց բոլոր նրանց, ովքեր հավակնում են առաջիկա պայքարում դերակատար լինելու․ փողոցի միակ օրակարգը լինելու է իշխանության հրաժարականը, այլ ոչ թե որեւէ քաղաքական առաջնորդի իշխանության գալը։ Եվ որ սա իր համար առաքելություն է եւ պարտավորված է մինչեւ վերջ պայքարել եւ հասնել հաջողության։
Կարեւոր բաները շատ էին, բայց վստահ եմ՝ շատերին հետաքրքրում է իշխանափոխությունը։
Թե ոնց ասուլիսը կվերլուծեն տարբեր կողմերից, հատկապես իշխանական, սորոսական ու դրսի շահերը սպասարկողներից, նիկոլականներից, անկեղծ եմ ասում, ինձ չի հետաքրքրում»,- գրել է Հակոբյանը։