«Երբեք հասարակական, առավել ևս քաղաքական ակտիվում չեմ հայտնվել և չեմ հայտնվելու, բայց, չգիտեմ ինչու, վերջին իմացածս լուրը, որ Հայաստանում պետք է տեղի ունենա եվրախոհրդարանական ինչ-որ ժողով, որին պիտի մասնակից լինի նաև մեր դեմքին դեռ չավարտված պարտություն շպրտած հարևան Ադրբեջանի պատվիրակությունը այլ «ոչ թշնամի» պետությունների պատվիրակությունների հետ միասին, մնալով հավատարիմ չհասարակական, չքաղաքական սկզբունքիս` չեմ կարող որևէ կերպ չընդվզել այս երևույթին` որպես հայ ծնվելուս համար Տիրոջը շնորհակալ մարդ…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է երգիչ Դավիթ Ամալյանը։
«Երևի, ևս մեկ անգամ նշել, թե ինչպիսի երազանք և երանություն է խաղաղությունն ինձ համար, ավելորդ կլինի…Իսկ թե ինչու գրառումս սկսեցի իմ խաղաղության երազանքով, քիչ հետո պարզ կլինի։ Ավելորդ կհամարեմ նաև նշել, թե ինչեր եմ զոհել հանուն խաղաղության` սկսած բարեկեցությունից մինչև կյանքեր, որոնք հավատացեք ավելի թանկ են, քան իմը…
Ասեմ, որ երազանքիս գունեղության առումով ոչինչ չի փոխվել. նույն ցանկությունն ունեմ, ինչն ունեցել եմ, միայն ցավով պիտի փաստեմ, որ խաղաղությունը երբեք չի տրվում, խաղաղությունը վաստակում են, իսկ եթե այն փորձում ես մուրալ, փոխարենը տրվում է «խաղաղության» փաթեթով կոծկված պարտություն, որն ավելի դաժան է, քան պատերազմը, ավելի պետականակործան, ավելի ազգակործան, ավելի մարդակործան ու ավելի դժոխային…
Ի՞նչ անենք…..
Եթե իմանայինք, որ գոնե մուրացած «խաղաղությամբ» հնարավոր կլիներ անձնական կյանքի փրկությունը, միգուցե, եսապաշտական հիվանդությամբ կվարակվեինք, և կփորձեինք մեզ` հայերիս հատուկ գաղթի միջոցով փրկել մեր ընտանիքները, ցավոք, պիտի տխրեցնեմ այդ վարակով տառապողներին, դա էլ փրկության ելք չէ, քանզի հայ լինելդ ինքդ չես ընտրել, այլ երկնային որոշումով ծնվել ես հայ, որի համար մեր «սիրելի» թշնամիները, և, ցավոք սրտի, ոչ միայն թշնամիները, այդքան էլ ուրախ չեն…
Դժբախտաբար,, հայ ծնվելու համար ոնց որ թե հայ ծնվածների մեջ էլ կան մարդիկ, որոնք մեր թշնամիների և «ոչ թշնամիների» չափ ուրախ չեն, որ հայ են, և որոնք էլ ջանք չխնայեցին պիտանի լինելու, որպեսզի բոլորս վաստակենք մուրացած «խաղաղագույն» պարտությունը….
Ինչևէ….անցնեմ բուն թեմային…
Ընվզմանս ձևը առայժմ չպատկերացնելով ` որոշել եմ գոնե ներկա գտնվել այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա այս «մարդասիրական» «չգիտեմինչաժողովը»….
Լավ, մենք մեր «բարեկամներին» ու միջազգային հանրությանը հեչ հարցեր չունե՞նք տալու…հեչ պահանջներ չունե՞նք բարձրաձայնելու…
Եվ որքան էլ ինքս գիտակցում եմ, որ, ցավոք, մեր շերեփը ժամանակավոր նորից թղթե է, այնուհանդերձ երկաթյա դարձնելու ելքը համարում եմ այդ պատվիրակություններին որևէ կերպ հասկացնել, որ, ի տարբերություն ձեզ վախից ժպտացող և հայ (իրենց դեպքում) առաջացած լինելու համար չուրախների, մենք հարցեր ունենք ձեզ տալու….
Ըստ ինձ հասած տեղեկությունների` այդ ժողով կոչվածը պետք է տեղի ունենա փետրվարի 22-ին, ժամը 12-00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հուսով եմ, էս հարցը մենակ ինձ չի հուզել, և համոզված եմ, որ էդ օրը այնտեղ մենակ չեմ լինի….
Մենակ չենք լինի…….»,-գրել է երգիչը։