Խաղամոլության դեմ կպայքարեն նաև գովազդի օգնությամբ
Advertisement 1000 x 90

Խաղամոլության դեմ կպայքարեն նաև գովազդի օգնությամբ

Այսուհետև արգելվում է շահումով խաղերի, խաղատների գովազդը, այդ թվում` ռադիոյով, հեռուստատեսությամբ և համացանցով։ ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի խոսքով՝ այս փոփոխություններով վերադառնում են գովազդի այն սահմանափակումներին, որոնք եղել են մինչև 2020 թվականը։

Նոր փոփոխություններով սահմանափակվում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների գովազդը։ Այն թույլատրվում է միայն ՀՀ սահմանային մուտքի կետերում, չորսաստղանի և ավելի բարձր կարգի հյուրանոցներում, իրենց գրասենյակների մուտքերին և ներսում, ինչպես նաև պաշտոնական կայքէջերում։

Նախագծի համազեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանն իր ելույթում նշեց, որ սա խաղամոլության դեմ պայքարի քայլերից մեկն է, խոստացավ՝ նորերն էլ են լինելու։