Երեք հարց մարդու իրավունքների պաշտպանին. aliqmedia.am
Advertisement 1000 x 90

Երեք հարց մարդու իրավունքների պաշտպանին. aliqmedia.am

Ինչո՞ւ որոշեցի այս երեք հարցը տալ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնած Քրիստիննե (երկու ն-ն վրիպակ չէ, նրա անունն այդպես է գրված ՄԻՊ պաշտոնական կայքում, նաեւ՝ ընտրողների ռեգիստրում — Մ. Հ.) Գրիգորյանին։ Շատ պարզ պատճառով. նա կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի՝ արդարադատության փոխնախարարի կարգավիճակից անցում է կատարել մի այլ՝ Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի։

Եթե նկատի ունենանք, որ մարդու իրավունքները իշխանություն – մարդ ուղղահայաց հարաբերությունների տիրույթում են, իսկ այդ իրավունքներն ամենից շատ խախտում են հենց իշխանությունները, ապա նախկին բարձրաստիճան պաշտոնյան ստիպված պիտի լինի մարդկանց պաշտպանել իր նախկին գործընկերների ոտնձգություններից։

Հարցերս առանձնապես գլոբալ խնդիրներ չեն շոշափելու, այլ վերաբերելու են միայն մեկին։

Բանն այն է, որ Քրիստիննե Գրիգորյանը կառավարության կողմից զեկուցող է եղել եւ կրծքով պաշտպանել է ՀՀ ԱԺ մի խումբ դիլետանտների հեղինակած (իսկ իմ կարծիքով պարզապես Փաշինյանի պատվիրած) այսպես կոչված «ծանր վիրավորանքը», հայհոյանքը քրեականացնելու նախագիծը։

Արդ, առաջին հարցը։

Հարգելի տիկին Քրիստիննե, մի քանի օր առաջ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1՝ «Ծանր վիրավորանքը» հոդվածով նախատեսված «հանցագործություն» կատարելու կասկածանքով Գյումրիում ոստիկանություն են հրավիրել Կարապետ Պողոսյանին՝ ֆեյսբուքյան մի գրառման համար։ Քաղաքացին, նկատի ունենալով ՔՊ-ականների այցը, գրել է. «Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ Գյումրի այցելած քեմալական սովածներին հյուրասիրել են քաղաքում ամենաթանկ «Իմպերիալ» ռեստորանում…»։ Հայրենի ոստիկանությունը, նաեւ ձեր ջանքերով ընդունված հոդվածի կարգավորումներին (իմ գնահատմամբ՝ անգրագետ ձեւակերպումներին) համապատասխան, համարել է, թե «քեմալական սովածներ» արտահայտությունը հայհոյանք է։

Հարգելի տիկին Քրիստիննե, խնդրում եմ պատասխանել, արդյո՞ք «քեմալականը» կամ «սովածը» դուք էլ եք հայհոյանք համարում։ Խնդրում եմ չընկնել սարուձոր, նախաքննությանը չխառնվելու պատրվակներ չբերել։ Հարցը հստակ է դրված։ Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ իշխանությունները մի կողմից Թուրքիայի հետ բարեկամանալու ռեւերանսներ են անում, իսկ մյուս կողմից նույն իշխանության մի ճյուղի ներկայացուցիչները ներկայիս Թուրքիա պետության հիմնադրի անվան հիշատակումը համարում են հայհոյանք։

Եթե հարցիս պատասխանեք ոչ, չե՞ք ընդունի, որ դուք, մեղմ ասեմ, անկատար օրենք եք ընդունել՝ հզոր զենք տալով իշխանությունների կամակատար ոստիկանության ձեռքը, որը կարող է հայհոյանք համարել իրեն դուր չեկած ցանկացած արտահայտություն։ Եթե համարեք, որ այո, դա հայհոյանք է, ապա կտամ երկրորդ հարցը։

Հարց երկրորդ:

Հայ հասարակության մեջ լիքը մարդիկ կան, որոնց համար «ՔՊ-ական» կամ «Նիկոլական» անվանվելը նույնպես վիրավորանք է, էն էլ՝ ծանր, էն էլ՝ համարյա հայհոյանք։ Արդ, եթե մեկը փողոցում որեւէ մեկին անվանի «Նիկոլական կուշտ», դարձյա՞լ կխրախուսեք, որ հայրենի «իմաստնագույն» ոստիկանությունը քրեական գործ հարուցի հայհոյանքի հատկանիշներով:

Եվ, վերջապես, երրորդ հարցս՝ իրավիճակի նկարագրությամբ, որ հասկանաք ձեր ընդունած օրենքի ողջ աբսուրդը։

Իմ հայրենի Սյունիքում եւ Արցախում «քամակ» բառը նշանակում է հետ, հետեւ, թիկունք եւ այլն։ Ի դեպ, այս իմաստներն են գրված նաեւ հայերենի բացատրական բառարաններում։ Այլ վայրերում, հատկապես Երեւանում, այդ բառը ավելի գռեհիկ իմաստ ունի։

Հիմա պատկերացրեք այսպիսի իրավիճակ։ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորը (ձեր ընդունած օրենքի համապատասխան՝ հանրային անձը) մեքենան կայանելու համար հետընթաց է կատարում, իսկ կարգավորողն էլ սյունեցի կամ արցախցի է եւ իր համար ոչ արտառոց դարձվածք է ասում. «քամակ տուր, քամակ տուր…», ինչը մեր բարբառներում ընդամենը նշանակում է «հետ արի, հետ արի»։ Իսկ այդտեղ կանգնած է նաեւ մի «իմաստնագույն» ոստիկան։ Պատկերացրի՞ք, թե ոնց է հարձակվելու խեղճ մարդու վրա, «փռելու ասֆալտին», կալանելու ու հաստատ հանրային անձին հայհոյելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու։ Եթե նման դեպքի համար քաղաքացին դիմի ձեզ՝ բարբառով խոսելու իր իրավունքները պաշտպանելու խնդրանքով, դուք ո՞ւմ կողմը կբռնեք։

Հարգելի տիկին Քրիստիննե Գրիգորյան, ձեր վրացի կոլեգան՝ Նինո Լոմջարիան, օրեր առաջ սաստեց իր երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հարցում արտահայտած, վրաց հասարակության համար անընդունելի հայտարարությունների պատճառով։ Նա Ֆեյսբուքում գրեց՝ «Իրակլի… պարզապես լռի՛ր։ Մի՛ խայտառակիր մեզ»։ Մարտի 2-ին Ազգային ժողովի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գռեհիկ հայտարարություն արեց՝ ասելով՝ «հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, թա՛փ կտամ մատ, պետք ըլնի՝ ուրիշ բան էլ թափ կտամ․․․»։ Ուզում էի հարցնել նաեւ՝ համարձակություն կունենա՞ք դուք, եթե ոչ հրապարակային, ապա գոնե առանձին, գոնե շշուկով սաստելու ձեր սիրելի վարչապետին եւ հասկացնելու, որ նա մարդկանց հետ նման տոնով խոսելու իրավունք չունի։

Բայց հիմա չեմ հարցնի, որովհետեւ երեկ՝ մարտի 3-ին, դուք լրագրողների նմանատիպ հարցին չափազանց լղոզված պատասխան եք տվել արդեն։ Եվ, ըստ էության, հաստատել եք իմ եւ ոչ միայն իմ այն կանխատեսումը, որ երբեք Փաշինյանի (եւ իշխանական ողջ վերնախավի, եթե նկատի ունենամ նույն ճեպազրույցում արդարադատության «ազնվագույն» նախարարի մասին ձեր ասածը) աչքի վերեւի հոնքն անգամ մատնացույց անելու համարձակություն չեք ունենալու։ Բա էլ ումի՞ց եք մեզ պաշտպանելու։

aliqmedia.am