«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի նախագծի ռազմավարության հիմքում ընկած է երկու նպատակ»,- այս մասին փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ նշել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Յուրաքանչյուր ոք ունի տաղանդ. առաջին խնդիրը դրա բացահայտումն է։ Յուրաքանչյուր ոք պետք է ունենա հնարավորություն ինքնադրսևորվելու»,- ընդգծել էր Դումանյանը։
Նշելով ռազմավարության հիմքում ընկած երկրորդ նպատակը՝ նա նշել էր, որ կրթության բոլոր փուլերում այն պետք է լինի որակյալ, մրցունակ՝ հիմնված ազգային արժեքների վրա։ Նախարարը նշեց, որ այդ ամենը պետք է նպաստի Հայաստանի զարգացմանը, հզորացմանը և առաջընթացին։
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ նախագիծը, որը դրված է քննարկման, ներկա իրավիճակի, անցյալի վերլուծությունն է՝ ի՞նչ ենք ունեցել և ո՞ւր ենք հասել:
«Ինչպե՞ս կարելի է դա որպես օրենք ընդունել, որևէ մեխանիզմ չի երևում: Չի հասկացվում, թե ինչպե՞ս են սա անելու: Գրված է՝ այսքան դպրոց կա, այսքան՝ աշակերտ, այսքանը դուրս են մնում, կամ գնահատականներն այսպիսին են, ու դա դարձնում են օրենք: Առաջին և ամենակարևոր թերությունն է, որը պետք է վերացնել: Դա չպետք է որպես օրենք ընդունել․․․ հայեցակարգ կամ գուցե ռազմավարության հիմնադրույթներ, պետք է նախանշի ուղղությունները, որոնցով կրթությունը պետք է զարգանա մինչև 2030 թվականը: Դրանից հետո կարող է լինել ինչ-որ օրենք, որը կարգավորումներ կտա: Մյուս կողմից էլ՝ փաստաթուղթն ուշացած է:
Վերջին ռազմավարությունն ավարտվել է 6-7 տարի առաջ: Այսինքն, կրթության ոլորտում իրականացնում ենք տարբեր փոփոխություններ, «բարեփոխումներ», որոնք հիմքում չունեն որևէ ռազմավարություն, հայեցակարգային ուղղություն: Սա է պատճառը, որ մեզ մոտ անընդհատ իրավիճակային փոփոխություններ են լինում, որը վատ հետևանքների է հանգեցնում: Ընկնում է կրթության որակը, ու դա է պատճառը, որ հետընթաց ենք ապրում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը:
Խոսելով նախագծում առկա կետերից մեկի մասին, համաձայն որի՝ մանկավարժական կադրերի պակաս կա հատկապես փոքր բնակավայրերում, իսկ բուհերի դեպքում նկատվում է դասախոսական անձնակազմի ծերացում, դասախոսի աշխատանքը գրավիչ չէ, կրթության փորձագետն ընդգծեց.
«Այդ խնդիրը կա և գնալով խորանում է: Եթե վերցնենք գիտության ոլորտը՝ կտեսնենք, որ երիտասարդներ են, միջին տարիքն ընդհանրապես չկա, և ԽՍՀՄ տարիներից աշխատող մարդիկ են: Այդ մեծ փոսը լրացնելու համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ: Այստեղ շատ կարևոր է նաև աշխատավարձը, բայց, ցավոք, այդ ուղղությամբ էլ որևէ բան չի արվում: Միայն խոստումներ են տրվում, և դրա համար, երբ մարդը հնարավորություն է ունենում այդ համակարգից դուրս գալ կամ երկրից գնալ՝ հենց այդպես էլ վարվում է: Նույնը ուսուցիչների դեպքում է:
Փոխանակ բոլորի աշխատավարձը բարձրացնեն, հետո նոր լավերին ինչ-որ ձևով խրախուսեն՝ ասում են, որ գումար չկա, որպեսզի բոլորի աշխատավարձը բարձրացնեն, դրա համար մտածել են ինչ-որ մի աճպարարություն, որ մի քանի հոգու աշխատավարձը բարձրացնեն»:
Իսկ այն, որ պետք է շրջանավարտների 90 տոկոսն իր մասնագիտությամբ աշխատի, Ատոմ Մխիթարյանն այնքան էլ իրատեսական չի համարում:
«Հայաստանում 30 տարուց ավելի տնտեսություն չկա, և չի կարելի ասել, թե՝ գիտեք, եթե մենք այս մասնագիտությամբ լավագույն կադրեր պատրաստենք՝ կաշխատեն: Դու մարդուն պետք է այնպիսի հմտություններ և կարողություններ տաս, որ նա կարողանա կյանքի փոփոխություններին համապատասխան ինքնադրսևորվել: Սա է բուհի կարևոր խնդիրը:
Երբ մարդն ինչ-որ մասնագիտությամբ ընդունվում է բուհ, մինչև ավարտի՝ մասնագիտության մեջ մեծ փոփոխություններ կարող են լինել՝ հմտությունների, գիտելիքների և կարողությունների առումով: Այսինքն, պետք է այնպիսի բան պլանավորել, որ մասնագիտությամբ աշխատեն՝ այն դեպքում այնպիսի տնտեսության մեջ, որ գրեթե զրոյի է հավասարվում: Արդյունաբերություն չկա:
Այն, ինչ ունեցել ենք, հիմա չկա: Տնտեսություն-կրթություն-գիտություն կապն էլ գրեթե չի գործում մեզ մոտ: Եվ սրան գումարվում է Հայաստանի բաց սահմանները, երբ կադրերի հոսք, արտահոսք կարող է լինել, այդ ամենը պետք է հաշվի առնել: Կրթությունը պետք է կազմակերպել ժամանակին համապատասխան, որ կարողանա մարդը կյանքում դրսևորվել: Տեսեք, նշել են, որ 4 բուհ պետք է ընդգրկվի 500 լավագույնների ցանկում. հիմա որ չեղավ՝ ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է: Վստահ եմ, որ այս կարճ ժամանակահատվածում նման բան ուղղակի չի կարող լինել»,- նշեց կրթության փորձագետը:
Անի Կարապետյան