Samsung-ի վերջին արտոնագիրը բավականին անսովոր է։
LetsGoDigital-ը և Concept Creator-ը ներկայացնում են կորեական հեռախոս արտադրողի L-ի ձևով վերջին սմարթֆոնը՝ ռենդերի տեսքով։ Արտոնագրում օգտագործվում է ծալովի էկրան, որը բացվում է դեպի կողք: Սարքը կարելի է պահել ուղղահայաց կամ կողք կողքի, իսկ երկրորդական էկրանի «փեղկը» բացվում է՝ համապատասխանաբար դեպի ձախ կամ վերև:
Քանի որ էկրանը հետ է ծալվում, էկրանի այս հատվածը կարող է օգտագործվել՝ որպես հետևի տեսախցիկների տեսադաշտ: Դատելով արտոնագրում առկա գծագրերից՝ կա եռակի տեսախցիկ և լուսադիոդային լուսարձակ, սակայն դրանց ստույգ բնութագրերի մասին տեղեկություններ չկան։
Յուրահատուկ հատկանիշները մեզ հիշեցնում են LG Wing-ը։ LG-ի երկրորդական էկրանն օգտագործվում էր հավելվածները ավելի փոքր պատուհանում բացելու, խաղեր խաղալիս կամ տեսանյութեր դիտելիս տեղեկատվություն ցուցադրելու համար:
Արտոնագրում նշված այլ մանրամասները ներառում են երկու մասից բաղկացած մարտկոց, իսկ ծալովի էկրանը պատրաստված կլինի Samsung UTG-ից (Ուլտրա բարակ ապակի), նույն պաշտպանիչ շերտը, որն օգտագործվում է Samsung Galaxy Z Fold3-ի և Z Flip3-ի վրա:
Այս դիզայնի խնդիրներից մեկը սարքի ներսում ծալովի ծխնիի տեղադրումն է, որի շուրջը փաթաթված է էկրանը: Samsung-ը նախկինում չի պատրաստել դեպի դուրս ծալվող ծխնիներ: Ի վերջո, նման դիզայնը պետք է տեղ զբաղեցնի, հավանաբար սա է երկու մարտկոցի տեղադրման պատճառը:
Տեխնոլոգիական ընկերությունները հաճախ արտոնագրեր են ներկայացնում սարքերի համար, որոնք երբեք չեն արտադրվում: Դեռևս հայտնի չէ, թե արդյո՞ք Samsung-ը երբևէ կթողարկի L-աձև դիզայնով սմարթֆոն, հայտնում է gsmarena-ն։
Սիրարփի Աղաբաբյան