Երեկ՝ մարտի 15-ին, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություն է փոխանցվել, որ պետ «պոլիտրավմա, ծակած վերք հարցականով և պոռթած հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արգամ Մանուկյանն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքները ստացել է Կոտայքի մարզի վարչական տարածքում, ինչի մասին էլ տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Հրազդանի բաժին։
Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Ա. Մանուկյանը նշված վնասվածքները ստացել է Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ-ում գտնվող «Նոր տուն» հացատանը։
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Հրազդան» ԲԿ-ից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ
«աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած Հրազդանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Նորայր Սարգսյանն է, ով վնասվածքները ստացել է «Նոր տուն» հացատանը։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։