ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1992թ․ ապրիլի 6-ին, Հայաստանի և Չինաստանի միջև հատատվել են դիվանագիտական հարաբերություններ։
Հայ-չինական հարաբերությունները այս տարիների ընթացքում դինամիկ զարգացում են ապրել, դիվանագիտական հարաբերությունների առնվազն 26 տարիների ընթացքում մեր երկրների միջեւ չեն առաջացել քաղաքական անհամաձայնություններ, ավելին՝ եղել է աջակցություն սկզբունքային հարցերի շուրջ, իսկ մեր ժողովուրդների բարեկամությունը միմիայն ամրապնդվել է։
Չինաստանն, իր օրինակով, ցույց է տվել աշխարհին, որ կարող է զարգանալ, դառնալ գերտերություն՝ առանց պատերազմներ հրահրելու։ Սա պատմական լավագույն օրինակ կարող է դառնալ, եւ հարգանքի արժանի աշխարհի խաղացողների կողմից։ Եւ ինչպես Չինաստանի նախագահ Սի Ծինփին է ասել՝ աշխարհում չկան մեծ կամ փոքր երկրներ, կան երկրներ, որոնք կարողանում են ինչ-որ բան անել, եւ՝ ոչ։
Հայ-չինական հարաբերությունների զարգացումը առանցքային պետք է լինի ցանկացած իշխանության համար, այդ հարաբերությունների զարգացման համար պետք է ներդրվեն ահռելի ջանքեր, իսկ տնտեսական համագործակցության ընդլայնման կարեւորությունն այլեւս դառնում է պարզ ճշմարտություն։
Շնորհավորում եմ մեզ եւ բարեկամ Չինաստանին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Տեսանյութը Ռոբերտ Քոչարյանի՝ 2004թ․-ի Չինաստան կատարած պետական այցից է»։