«Ի պատասխան Իշխան Սաղաթելյանի՝ ՔՊ խմբակցությանն ուղղված կոչին՝ իմ անունից հայտնում եմ, որ դատապարտում եմ Հայաստանի տարբեր ջրավազաններ թափոններ, թունավոր քիմիկատներ և թմրադեղեր լցնելու բոլոր դեպքերը։ Սիրելի քաղաքացիներ, մտածեք ձկների և առհասարակ շրջակա միջավայրի առողջության մասին»։
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով.
Հայաստանի Օլիմպիական կոմիտեին էլ իր հերթին կոչ եմ անում վերջիվերջո լրջորեն դիտարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը Հայաստանի թեթև ատլետիկայի հավաքականում՝ որպես 100 մետր սպրինտի վազորդի։ Կարծում եմ՝ դրանով կօգնեք նրան վերջապես գտնել իր տեղը աշխատաշուկայում»։
Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը, հանրահավաքի ժամանակ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին, հայտարարել էր, որ նրանց տրվում է վերջին հնարավորություն:
«Դուք ունեք պատմական շանս՝ ձեր սխալն ուղղել ու կանգնել ժողովրդի կողքին, սա ձեր վերջին շանսն է ուղղվելու, հասկանալու, գիտակցելու, հետագայում ուշ է լինելու: Հասկացեք և առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում որոշում կայացրեք»,- նշել էր Սաղաթելյանը։
Նա նաև տեղկացրել էր, որ վաղվանից անհնազանդության ակցիաների շրջանակներում փակելու են փողոցներ, մայրուղիներ, ըստ Սաղաթելյանի հատկապես Կենտրոն վարչական շրջանում ոչ մի մեքենայի շարժ չպիտի լինի: