Բացվում է մայիսի 12-ի առավոտը. Բացվում է հույսով, որ Հայաստանը կրկին վերագտնելու է զարգացման իր հաստատուն ուղին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «28 տարի առաջ, 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել էր Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ:
Դա հաղթական պատերազմի ազդարարն էր: Հայաստանը դարձավ գործոն, հայը` հաղթող:
Հայկական ուժերի վերահսկողության տակ անցան Արաքսի հովիտը, Քարվաճառը, Մուղանի դաշտավայրի մի հատվածը: 26 տարի Հայաստանն անվտանգության ամուր միջավայր ուներ, որը թելադրող հանգամանք էր տարածաշրջանային հարցերում: 26 տարի Հայաստանը միջազգային քաղաքական օրակարգի ինքնուրույն մաս էր` իր կենսական շահերով հանդերձ:
Իշխանությունը զավթած Նիկոլը, 2018թ. մայիսի 12-ին, որպես վարչապետ, առաջին անգամ մտավ ՀՀ ՊՆ վարչական համալիր: Այսօր բանակը արնահոսող վերք է դարձել:
2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական ստորաբաժանումները, Սև լճի կողմից մտան Հայաստանի ինքնիշխան տարածք և առ այսօր օկուպացրած պահում են շուրջ 45 ք. կմ-ը:
2022թ. մայիսի 12-ին Հայաստանի ու Արցախի գոյության համաժողովրդական պայքարի 12-րդ օրն է: Նիկոլը և իր խունտան որպես «իշխանություն», դեռևս շարունակում են մնալ Արցախի և Հայաստանի սպառնալիքներից մեկը: Քանի դեռ այդ սպառնալիքը չի հեռացվել, մնացյալ արտաքին սպառնալիքները չեզոքացնել հնարավոր չի լինելու»։