Ժամերով հայելու առաջ աշխատում էի ինքս ինձ վրա. Սարգիս Աղամալյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ժամերով հայելու առաջ աշխատում էի ինքս ինձ վրա. Սարգիս Աղամալյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է Օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ Վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է նաև տարբեր հեռուստասերիալներից:

-Սարգիս, նախ կխնդրեի պատմել, թե ինչպե՞ս ստացվեց, որ լինելով օպերային երգիչ՝ որոշեցիք հեռուստադիտողին նաև որպես դերասան ներկայանալ:

–   Դերասանական արվեստով դեռ մանուկ հասակից եմ երազել զբաղվել: Հիշում եմ, թե ինչ մեծ հետաքրքրությամբ էի դիտում հատկապես արևելյան մարտարվեստին վերաբերող այն բոլոր ֆիլմերը, որոնք ցուցադրվում էին հեռուստացույցով (ինքս էլ երկար ժամանակ զբաղվում էի այդ մարզաձևով): Այն ժամանակ կինոյում ինձ հետաքրքիր էր ամեն ինչ՝ դերասանական խաղը, միմիկաները: Երբեմն ժամերով հայելու առաջ աշխատում էի ինքս ինձ վրա՝ խաղալով տարբեր կերպարներ: Բայց քանի որ այդ տարիքում ես արդեն հաճախում էի մանկական ձայների պահպանման դպրոց և սիրում էի նաև երաժշտությամբ զբաղվել, որոշեցի ուսումս շարունակել այդ ուղղությամբ: Հետագայում ընդունվելով Կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի օպերային երգեցողության բաժինը՝ ավելի մոտիկից ծանոթացա դերասանական արվեստին, քանի որ առարկաների թվում նաև դերասանի վարպետությունը կար:  Այդ տարիների ընթացքում աշխատելով նաև Կոնսերվատորիային կից օպերային ստուդիայում: Տարիների ընթացքում ես ավելի ու ավելի սիրահարվեցի օպերային արվեստին, և ինչպես կարելի էր չսիրահարվել մի արվեստի, որտեղ միանգամից երկու երազանքս էլ կկատարվեր: 2007թ-ից աշխատում եմ Օպերային թատրոնում՝ խաղալով շատ հետաքրքիր կերպարներ: Միշտ ձգտել եմ բեմում կատարյալ լինել, թե որքանով է ստացվում, ինքս դժվարանում եմ պատասխանել: Հեռուստասերիալներում  նկարահանվելու համար ես պարտական եմ կնոջս. Նա ինձ ստիպեց զբաղվել նաև այդ արվեստով: Ես, իհարկե, երկար ժամանակ դեմ էի, թեև նկարներս քասթինգների ուղարկելուց հետո պարբերաբար առաջարկներ էի ստանում: Համաձայնեցի միայն այն ժամանակ, երբ մեր թատրոնը պետք է վերանորոգվեր ու մոտ վեց ամիս պետք է անգործության մատնված լինեի:

 

-Ֆիլմում որքանո՞վ է հեշտ տրվում կերպարներ կերտելը: Նաև կարծես թե միայն դրական կերպարներ եք կերտում, ինչի հետ եք կապում դա:

–  Ամեն դեր, թե դերերգ ունի իր բարդությունը կամ հակառակը: Լինում են դեպքեր, երբ քեզնից երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանաս ճիշտ ընկալել դերն ու ճիշտ մատուցել հանդիսատեսին, բայց լինում է նաև հակառակը, երբ դերն այնքան մոտ է լինում քեզ, որ թվում է՝ նա, ում խաղում ես, իրականում դու ես: Սերիալներում դեռ չեմ հասցրել բացասական կերպարներ խաղալ, բայց օպերային թատրոնում երգել եմ բացասական կերպարով դերերգեր. Դրանցից մեկն էլ Չուխաջյանի «Արշակ 2» օպերայից Տիրիտի դերերգն է: Հավանաբար կինոյում ինձ չեն տեսնում բացասական կերպարում:

 

 

-Որպես օպերային երգիչ ի՞նչ նպատակներ ունեք ապագայի հետ կապված:

–  Նպատակս մեկն է՝ աշխատել, աշխատել ու էլի աշխատել: Ձգտել լինել կատարյալ քո գործում, կատարելագործվել: Սա արվեստ է, որտեղ լավից լավը միշտ էլ կա:

Ամբողջությամբ՝ life.panorama.am