Հայաստանի առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում, տեղեկանում ենք ԱԻՆ-ից։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:
Առաքելությունը հնարավոր է դարձել հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության եւ իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության շնորհիվ։ Հայկական առաջին արբանյակը կոչվում է Urdaneta-Armsat 1։ Այն կշռում է 15,5 կգ և 500 կմ բարձրությունից կարող դիտարկել մինչև 1,65 մ խոշորության օբյեկտներ: Դիտարկման համակարգը ապահովված է Ultra-High Pixel տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս 2-3 անգամ բարելավել պատկերը։
Նշենք, որ արբանյակի մասին գրառում էր արել ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Մխոյանը։ Նա նշել էր, որ սուտ են տեղեկությունները, թե արբանյակի շնորհիվ սահմանին իրավիճակ ենք հսկելու, քանի որ այն շատ ցածր որակի պատկեր է ապահովում։ Նա նաև նշել էր, որ արբանյակը տիեզերք է արձակվել Transporter-5 ծրագրի շրջանակում, մինչդեռ ծրագրի շահառու երկրների ցանկում Հայաստանը չկա։