730 հազար դրամ` որպես «Սատար լինենք զինվորին» նախաձեռնության արդյունք՝ Անանիա Շիրակացու անվան Ճեմարանի կողմից կփոխանցվի Դանիել Դավթյանին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից մեկին:
Բանակի օրվան ընդառաջ ավագ դպրոցի աշակերտական ինքնակառավարման խորհուրդը հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ՝ «Սատար լինենք զինվորին»՝ աջակցելու ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից մեկին՝ Դանիել Դավթյանին:
«Վստահ ենք, որ մեր ջանքերը միավորելով՝ կարող ենք օգնել մերօրյա հերոսին ստանալ անհրաժեշտ բուժումը»,- ասաց ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթաղչյանը:
Ավագ և միջին դպրոցների ուսումնական մասում տեղադրվեցին կնքված արկղիկներ, որտեղ թե՛ աշխատակիցները, թե՛սաները կարող էին իրենց նախընտրած չափով գումար դնել:
«Մեր խորհուրդը թեմային համահունչ պատրաստված ծրարներ տրամադրեց բոլոր սաներին, որի մեջ դրվելիք գումարը թողեցինք յուրաքանչյուրի հայեցողությանը,- ասաց աշակերտական խորհրդի համանախագահ Արամ Խանլարին:
«Նույնիսկ շատ փոքր օգնությունը, որը կմիավորվի ճեմարանական համայնքի ներսում, կդառնա վիրավոր զինվորի վերջնական ապաքինման համար կարևոր ներդրում»,- ասաց համանախագահ Էլինա Հովակիմյանը:
Հունվարի 27-ին ամփոփվեց նախագիծը, անուն և փակ 153 ծրարներով հանգանակված գումարը կազմեց 730 հազար դրամ:
Հունվարի 28-ին ճեմարանի պատվիրակությունը կայցելի Դանիել Դավթյանին և կփոխանցի նրան ճեմարանական համայնքի երախտագիտությունը՝ ի պատասխան ապրիլյան քառօրյա պատերազմում նրա անձնազոհ ծառայության: