Ավստրալիայի դաշնային դատարանն ամերիկյան Google ընկերությանը մեղավոր է ճանաչել իրեն պատկանող YouTube հարթակում զրպարտություն պարունակող հաղորդագրությունների հրապարակման համար և պարտավորեցրել է վճարել ավելի քան կես միլիոն դոլար որպես վնասի փոխհատուցում։ Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 6-ին, հայտնել է The Sydney Morning Herald-ը՝ հղում անելով դատարանի որոշմանը։
Դատավոր Սթիվեն Ռարեսի որոշմամբ՝ Google ընկերությունը պետք է 715 հազար ավստրալական դոլարի (514,8 հազար ամերիկյան դոլար) չափով փոխհատուցում վճարի Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նախկին փոխվարչապետ Ջոն Բարիլարոյին՝ վերջինիս մասին զրպարտական տեղեկություններ հրապարակելու համար։ Դատավորի խոսքով՝ YouTube հարթակում հրապարակված տեսանյութերը «Բարիլարոյի դեմ անողոք և դաժան արշավ են», որոնցում դրանց հեղինակը՝ կատակերգու Ջորդան Շենքսը «ատելություն բորբոքող ռասիստական արտահայտություններով» է հանդես եկել, մինչդեռ Google-ը ոչինչ չի արել դրա դեմ:
Նոր Հարավային Ուելսի նախկին փոխվարչապետը մեղադրել էր Google ընկերությանը տեղագրությունների հրապարակման համար, որոնցում իրեն «անհիմն կերպով խարդախ ու կոռումպացված պաշտոնյա են անվանել»։ Կեղծ մեղադրանքներից բացի, տեսանյութերը պարունակում էին նաև վիրավորանքներ ազգային պատկանելության հողի վրա, քանի որ դրանցում կոպիտ ու վիրավորական կերպով ծաղրի էր ենթարկվում Բարիլարոյի իտալական ծագումը։
Տեսանյութերի վերաբերյալ բողոքներն ստանալուց հետո Google ընկերությունը որևէ քայլ չի ձեռնարկել դրանք հարթակից հեռացնելու կամ դրանց հասանելիությունը սահմանափակելու համար։ Google-ի ներկայացուցիչը չի կարողացել դատարանում բացատրել՝ ինչու է ընկերությունն անտեսել Բարիլարոյի բողոքները, որոնք առաջին անգամ ստացել է դեռ 2020 թվականին՝ թույլ տալով Շենքսին շարունակել հրապարակել զրպարտություններ ու ռասիստական վիրավորական արտահայտություններ պարունակող տեսագրությունները։